top of page

Փետրվարի 17-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը

  • 41 minutes ago
  • 1 min read

Վաղը՝ փետրվարի 17-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը:

Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:

Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, 16:12:04-ին կհասնի առավելագույն փուլին և կավարտվի 18:27:42-ին, սակայն այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի։

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):

 
 
1/2667
bottom of page