top of page

Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»

  • 7h
  • 1 min read

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսային ափին հայտնաբերել են վեց խորհրդավոր գնդաձև օբյեկտ, որոնք, մասնագետների նախնական գնահատականով, կարող են լինել հրթիռների արձակումներից հետո մնացած տիեզերական աղբի բեկորներ, հայտնում է The Guardian-ը։

Ավստրալիայի տիեզերական գործակալությունը հայտնել է, որ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության հետ համատեղ պարզում է գտածոների ծագումը։ Ոստիկանության տվյալներով, օբյեկտները կարող են վտանգավոր քիմիական նյութեր պարունակել։

Բոլոր գնդերը հայտնաբերվել են Թաունսվիլից ոչ հեռու՝ Ֆորեսթ-Բիչի շրջանի լողափերում։ Դրանցից հինգն արդեն տեղադրվել են հատուկ պաշտպանիչ տարաներում, իսկ վեցերորդ օբյեկտը մասնագետները շարունակում են վնասազերծել։

Ֆլինդերսի համալսարանի տիեզերական աղբի և տիեզերական հնագիտության փորձագետ Էլիս Գորմանը, ուսումնասիրելով հրապարակված կադրերը, ենթադրել է, որ հայտնաբերված առարկաները կարող են լինել այսպես կոչված «տիեզերական գնդեր»՝ հրթիռների վառելիքային համակարգերի մաս կազմող տիտանե հերմետիկ պահեստարաններ։

Նա նշել է, որ այդպիսի տարրերը հաճախ դիմանում են մթնոլորտ մուտք գործելուն՝ տիտանի բարձր հալման ջերմաստիճանի շնորհիվ, և կարող են արձակումից տարիներ անց հայտնվել Երկրի մակերեսին։

Միևնույն ժամանակ մասնագետը զգուշացրել է, որ պահեստարանների ներսում կարող էին պահպանված մնալ հիդրազինի՝ խիստ թունավոր հրթիռային վառելիքի մնացորդներ։ Նա նաև չի բացառել, որ օբյեկտները կարող են ունենալ ոչ տիեզերական ծագում, սակայն դրանց ձևը համապատասխանում է հրթիռների վառելիքային համակարգերի հայտնի բաղադրիչներին։

Մասնագետների գնահատմամբ, այսօր Երկրի շուրջը պտտվում է ավելի քան 30 հազար խոշոր տիեզերական աղբի օբյեկտ։ Տիեզերական արձակումների թվի աճին զուգընթաց մեծանում է նաև մթնոլորտ վերադարձող բեկորների քանակը, ինչն այսպիսի գտածոները դարձնում է ավելի ու ավելի հավանական։

 
 
1/2957
bottom of page