top of page

Մեզանից շատերը մոռացել են, որ ԿԸՀ նախագահը հանդիսանում է ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի հիմնադիր անդամներից մեկը. Վարդևանյան

  • 2 hours ago
  • 2 min read

«Վաղը ժամը 11-ին լինելու եմ Սահմանադրական դատարանում, քանի որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ եմ հանդես գալիս», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»  կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանում ներկայացվելու են ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ մեծաթիվ փաստարկներ։

Վարդևանյանը մանրամասնեց՝ խոսքը վերաբերում է «զանգվածային կազմակերպված ընտրախախտումներին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից մինչև 14-ը»։ Այդ բոլոր հանգամանքները ներկայացվելու են ՍԴ-ում և,  բանախոսի համոզմամբ, դրանց վերաբերյալ բովանդակային որևէ հակափաստարկ չի ներկայացվի։

Վարդևանյանը անդրադարձավ նաև ընտրական գործընթացի լեգիտիմության վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ իշխանություններն «ընտրությունների ամբողջ գործընթացի ընթացքում ատելության խոսք են տարածել, վարչական ռեսուրս են չարաշահել», ինչպես նաև կիրառել են ճնշումներ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Նա նշեց, ընտրական գործընթացի ընթացքում ստեղծվել է վախի մթնոլորտ, իսկ ընդդիմադիր քաղաքացիների քվեները կասկածի տակ են դրվել։

Անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինների գործողություններին, մասնավորապես իրենց ուժին վերագրվող մեղադրանքներին՝ Վարդևանյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չպետք է հրապարակեր որևէ կուսակցության անվանում՝ մինչև համապատասխան հանգամանքների ամբողջական պարզաբանումը։

«Եվրոպական դատարանի հիմնական խախտումները, որոնք արձանագրվում են, վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ ընտրատարածքային հանձնաժողովների անկախության բացակայությանը։ Մեզանից շատերը պարզապես մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդիսանում է ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի հիմնադիր անդամներից մեկը, հանդիսանում է այդ կոնկրետ ուժի, օրինակ, ատելության խոսքի տարածման հեղինակի, նախկին օգնականը, գործընկերը, մտերիմը, վստահ եմ։ Եվ այդ պայմաններում մենք խոսում ենք անկախության մասին»,-ի նկատի ունենալով Վահագն Հովակիմյանին՝ հայտարարեց փաստաբանը։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ իրենց դիմումի քննարկման մասնակցությանը՝  Վարդևանյանը նշեց.  «Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ շատերը խոսում էին այն հանգամանքի մասին, որ վերջինս եղել է 2021 թվականին այն ուժերից մեկի պատգամավորի թեկնածուն, ով հիմա դիմել է Սահմանադրական դատարան։ Շատերը խոսում էին նրա մասին, որ վերջինս իր հրապարակային հայտարարություններում քանիցս պաշտպանել է գործադիր իշխանության ղեկավարին, իր աջակցությունը, իր երախտագիտությունն է հայտնել, նույնիսկ հրապարակավ խոստացել է, որ վերջիններս որևէ մի պահ չեն հիասթափվի այդ իրենց կայացրած որոշումից։ Կա նաև մեկ այլ հանգամանք, որը վերաբերում է փաստաբանական գործունեությանը տիկին Սաֆարյանի, որի մասին ինքը տեղեկացված է, համոզված եմ, բայց փաստորեն դեռևս ինքը իր նախաձեռնությամբ իր մասնակցության անհնարության հարցը չի դրել։ Սա իսկապես շատ զարմանալի իրավիճակ է։ Կարծում եմ՝ եվրոպական երկրներում սա աննախադեպ է»։

Ինչ վերաբերում է իրավական հետագա քայլերին, ապա Վարդևանյանը չբացառեց Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ընտրական գործընթացում արձանագրված խնդիրները պետք է գնահատվեն միջազգային ժողովրդավարական չափանիշներով։

«Այս բոլոր համակարգային ընտրախախտումները գնահատել հետևյալ ելակետով. օրինակ, Չեխիայում, երբ ընտրություններ են անցկացվում, նման խախտումներ լինո՞ւմ են, կամ ԱՄՆ-ում, երբ ընտրություններ էին Բայդենի և Թրամփի միջև։ Այս ելակետերը բերում եմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է, այսինքն շեմը հենց այդպիսին պետք է լինի», - հայտարարեց  Արամ Վարդևանյանը։

 
 
1/2940
bottom of page