Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
- 6 hours ago
- 1 min read

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել՝ երջին 9 տարում աճելով երկու անգամ։
«Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է ցուցադրում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ»,- հայտնել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը, ինչը կնպաստի տեխնոլոգիական զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկմանը։
«Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կայուն աճ ապահովելն է՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական թրենդներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը»,- ասել է նա։
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից:
«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- եզրափակել է նա։




















