top of page

«Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնում է հենման կետ»․ Նորայր Նորիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 12 hours ago
  • 1 min read

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնում է հենման կետ․ ԱՄՆ-ն ուղիղ դեմքով մտել է Հայաստան․․․


Անկախ ներքաղաքական դիրքավորումից ու կոնյուկտուրայից, անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը նշանակի իրադարձություն է մեզ համար և խոսում է մեր տարածաշրջանում ուժերի նոր հաշվեկշռի, դասավորության ու անվտանգային ճարտարապետության ձևավորման մասին։


Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ուղիղ դեմքով մտել է Հայաստան, ու մեր երկիրն առաջիկա տարիների համար աշխարհի թիվ մեկ պետության համար դառնալու է հենման կետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։


Եթե խելացի գտնվենք, դասեր քաղած լինենք մեր կոպտագույն սխալներից, ապա անկասկած կօգտվենք ստեղծված իրավիճակից և մի քանի տարի անց կդառնանք մրցունակ, անվտանգ ու ինտենսիվ զարգացող պետութուն։


Հակառակ դեպքում մեր երկիրը կվերածենք աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմի, իսկ մենք, ինչպես մեր պատմության շատ դեպքերում, կրկին անգամ կդառնանք մանրադրամ՝ հզորների միջև իրենց հարցերը լուծելու համար։


Գիտակցելով այս ամենը՝ մենք պարտավոր ենք խելամտորեն հաշվարկել մեր ռազմավարական շահերը, կրկնակի անգամ հաշվարկել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների՝ մեր տարածաշրջանում հետապնդող շահերը, փորձել հղկել բոլորի հետ սուր անկյունները և հանգիստ, սառնասրտորեն առաջ մղել Հայաստանի պետական շահերը՝ հնարավորինս բացառելով առճակատումը Հայաստանում ամերիկյան «Ներկայության ու ամրապնդման» պատճառով զգայունություն դրսևորող պետությունների հետ։


Հույս ունեմ, որ այս անգամ մեր ազգային հավաքական ողջամտությունը կհաղթանակի․․․


Հույս ունեմ, որ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մեր միլիոնավոր հայրենակիցները, ինչպես նաև Հայաստանում ապրող մեր հայրենակիցները քաջ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը մեր միակ ու բացառիկ հենման կետն է և այն առանցքն է, որի շուրջ պտտվում է հայ ժողովրդի հավաքական ու նվիրական երազանքներն ու իղձերը․․․


Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը ու մեր ժողովրդին․․․»։

 
 
bottom of page