Երեխեքին գյուղի քառակուսուց դուրս չենք թողնում, դրա համար գնում են բանակ՝ չեն դիմանում, 4 հոգուց ավելի մարդու հետ չեն շփվել. Նիկոլ Փաշինյան
- 3 hours ago
- 1 min read

Երեխեքին այնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողնում, որ վաղը մյուս օրը գնում են բանակ՝ չեն դիմանում, որովհետև կյանքում 4 հոգուց ավելի շփման միջավայր չեն ունեցել: Այս մասին Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսույթին, որ դպրոցների փակվելու արդյունքում գյուղերը դատարկվում են:
«20 հոգանոց դպրոցում ավարտած երեխայի բանակում ծառայելը արդեն պրոբլեմ է, 20 հոգանոց դպրոցում սովորած ու ավարտած երեխան՝ ուր էլ որ գնա, 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը իր համար պրոբլեմ է լինելու, որովհետև այդ երեխան չգիտի, թե ոնց են 20 հոգուց ավել մարդկանց միջավայրում ապրում: Չի կարելի երեխեքին կապել, ցանկապատի մեջ դնել ու ասել, որ այստեղից չեք գնալու»,- նշել է նա:
Անդրադառնալով գյուղերի դատարկվելու թեմային՝ Փաշինյանը շեշտել է, որ այսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով, որ մարդիկ հասկանում են՝ իրենց գյուղի դպրոցում իրենց երեխեքը նորմալ կրթություն չեն ստանալու:
«Արտագաղթ է եղել նաև այն պատճառով, որովհետև ծնողը տեսնում էր՝ այս գյուղում ու այս կրթական համակարգում իր երեխան չի կարող նորմալ կրթություն ստանալ ու այս կյանքում մրոցունակ լինել, դատապարտված է լինելու ապրել աղքատ: Դրա համար գնում են, տուն-տեղ ծախում ու նորմալ կրթությանը հնարավորինս մոտ են ապրում, որ իրենց երեխաները նորմալ մասնագիտություն ստանան ու նորմալ կյանքով ապրեն»,- ասել է նա:




















