Ինչքան անորոշ ու անիմաստ լինի մեղադրանքը, այնքան շատ մարդու վրա դա կազդի
- 50 minutes ago
- 2 min read

Երբ 2025 թ. հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը գրեց. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ» և ԱԱԾ -ն ուղարկեց Սամվել Կարապետյանին կալանավորելու, մի քանի ժամից էլ պաշտոնից ազատեց ԱԱԾ տնօրենին, ով, ըստ որոշ լուրերի, ընդամենը խնդրել էր, որ Կարապետյանին ոչ թե դիմակավորված ծառայողներով, նվաստացնելով բերման ենթարկեն, այլ հրավիրեն ԱԱԾ, իսկ հաջորդ օրը դատարանն այդ ոչինչ չասող նախադասության համար («մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին») կալանավորեց գործարարին ու մինչ օրս կալանքի տակ է (այժմ` տնային կալանքի)...Այդ օրը ես տասնյակ մարդկանց ասացի` Հայաստանը մտավ նոր` ռեպրեսիաների ու բեսպրեդելի փուլ:
Իհարկե, երևի այդ փուլի մեկնարկը Փաշինյանը տվել էր դեռ մայիսի 30-ին, երբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սրբազան, գնա քեռակնոջդ դոմփի...»: Դրանից առաջ էլ նա հատուկ բարեկրթությամբ ու քաղաքակիրթ պահվածքով աչքի չէր ընկել, բայց այդ օրերին ինչ որ բան վերջնականապես խափանվեց ու պարկեշտության, քաղաքավարության վերջին քողը նետեց վրայից...
Ես շարունակ փորձում եմ հասկանալ` ի՞նչն է մարդուն անվերադարձ փչացնում, նորմալ մարդուց հրեշ սարքում, որն արգելակները փչացած մեքենայի նման սկսում է գահավիժել` գլորվելով անդունդը, որից դուրս գալու հնար այլևս չկա: Ու գտել եմ պատասխանը` երբ շրջապատը, հասարակությունը դադարում է նրան զսպել, կանգնեցնել, ձեռքը բռնել: Երբ տեսնում է, որ իր ցանկացած արարք մարսվում է: Մի քիչ ասում-խոսում են, գրում- մրում ու...ներում հայհոյանքը, սպառնալիքը, ապօրինի հաշվեհարդարը, պաշտոնյայի անամոթությունը, բյուջեն լափելը: Մեծ հաշվով իշխանավորներին չի կարելի մեղադրել, որ ինչ որ պահից սկսում են արհամարհել հանրային կարծիքը` բա ամեն ինչ հանդուրժող ու ներող հանրության կարծիքն ինչի՞ պետք է բանի տեղ դնեն:
Մի թաքուն հույս ունեինք, որ հանրային մերժումը կդրսևորվի ընտրությունների ժամանակ` այդ ամեն ինչը մարսող հասարակությունը քվեախցիկում կասի իր կարծիքը «դոմփել- մոմփելու», բարեգործին ստահակ ասելու ցինիզմի վերաբերյալ: Բայց էդտեղ էլ սխալվեցինք, քանի որ «դոմփել» ասողն ու եկեղեցի պղծողն, Արցախը ադրբեջանի պապական հող համարողն ինչու՞ պետք է թույլ տար, որ մարդիկ ազատ կամարտահայտությամբ իրեն «ոչ» ասեին: Էսքան տարի շան քթից ջուր խմելով, ամեն օրենք ու կարգ խախտելով, իշխանություն է պահել, որ թույլ տա արդար քվեարկությամբ հեշտ ու հանգիստ իրեն ճանապարհե՞ն: Դե, մեր ժողովրդի մի մասն էլ ոնց փչացնում է իր իշխանավորին, նույն ստրուկի հնազանդությամբ էլ օգնում է, որ նա մնա իշխանության...
Ու եթե ընտրությունից առաջ գոռաց-վիրավորեց, հակահայ թեզեր ասաց, Ադրբեջանին արվելիք նոր զիջումներ անոնասավորեց` չվախենալով, որ ձայներ կկորցնի, հիմա առավել ևս ի՞նչ ունի վախենալու: Այո, մի ամբողջ կուսակցություն դուրս է թողնելու խորհրդարանից, օր առաջ շարունակելու է զիջումներն Ադրբեջանին...և իր ամենասիրած գործով է զբաղվելու` բռնել- նստացնել- դատել իրեն քննադատողներին:
Տեսա, որ մարդիկ զարմացած են, թե ինչպե՞ս կարելի էր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին` այդ ոչինչ չասող ստատուսի համար բռնել: Բա դա էլ իմաստ ունի` ինչքան անորոշ ու անիմաստ լինի մեղադրանքը, ինչքան անհասկանալի լինի, թե Նիկոլն ու իր իրավաբանները որ խոսքն են համարում «սահմանադրական կարգի տապալման կոչեր, փորձեր», այնքան շատ մարդու վրա դա կազդի: Ըստ էության, քաղաքական պայքարը, հանրահավաքները, փողոց դուրս գալը, Փաշինյանը քրեականացրել է այս մեղադրանքով: Ալենի կալանքից հետո վստահ եմ` լիքը մարդ սկսելու է զգուշանալ արտահայտվելիս, որովհետև չգիտեն, թե ոմանց հիվանդ ուղեղներում որ միտքը կարող է իշխանություն զավթելուն ուղղված հանցանք դիտվել: Ճիշտ է` անգամ քրեական հետապնդումն ու կալանքն են սրանք արժեզրկել, բայց ամեն դեպքում դա որոշ ազդեցություն դեռ ունի:
ՀԳ. Նկարում 3 անկոտրում մարդիկ են` եկեղեցու պաշտպան Սամվել Կարապետյանը, եկեղեցու հանիրավի հալածվող սպասավորներից` Արշակ սրբազանը և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:




















