Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիենայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
- 7 hours ago
- 2 min read

Վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Թալինից 100 երեխա մեկնեց Ծաղկաձոր: Ավտոբուս նստող երեխաների տեսանյութ է տարածել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը: Նա վստահ է, որ ճամբարային տասն օրերը երեխաների համար ուրախ, հիշարժան ու անմոռանալի փորձառություն կլինեն:
Հայտարարության ու ծնողների բողոքների հետքերով գնացած «Ազատություն»-ը տեղում պարզել է, որ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում են ոչ միայն Թալինի, նաև՝ Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի ու Շիրակի մարզերից շուրջ 250 երեխաներ: 7-13 տարեկան, բոլորը ծնողազուրկ, նպաստառու կամ զոհված զինծառայողի երեխաներ են՝ անապահով, խոցելի ընտանիքներից: Ինչպես Սափեյանն է գրել՝ վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այս անվճար ճամբարի պայմանները տեսանելի են դրսից:
«Կներեք, ես չեմ կարող թողնել», -ընկեր Գոհարը՝ ավագ ջոկատավարը թույլ չի տալիս սենյակները տեսնել. փայտե խարխուլ տնակներ, որոնցից ամեն մեկում մոտ տասը երեխա է քնում, խորհրդային հին մահճակալներ, անկողինները՝ ճամբարային տասնամյակների անցյալով, խիտ-խիտ երեխաներ ու սանհանգույց կոչվող հատված, որտեղ հիգիենա հուշող որևէ պարագա չկա, դրանց կարիքն էլ չկա, որովհետև տաք ջուր չկա:
Ե՞րբ եք լողացել» հարցը մտքերի մեջ է գցում երեխաներին. քանի օր է այստեղ են՝ ճիշտ այդքան օր չեն լողացել:
Հարցին՝ լողանալու հնարավորություն ունե՞ն երեխաները, ավագ ջոկատավարն արձագանքեց. - «Մենք սենյակներում ունենք, լողանում են: Դա էլ ենք ժամանակի ընթացքում արել, իրականում մենք շատ վաղուց ունեինք ընդհանուր բաղնիք: Դա ճամբարական կա, էդպես է եղել, ես ինչ հիշում եմ՝ ճամբարներում միշտ ընդհանուր բաղնիք է եղել, լողացել են: Բայց հիմա սենյակներում կա, այսինքն՝ օրվա ընթացքում, երեկոները տաք ջուրը պարտադիր ունենում ենք, այսինքն՝ ոտք, ձեռք իրենք կարողանում են լվանալ: Օրվա ընթացքում էլ կարա լինի: Լողն էլ արդեն որոշում ենք՝ քանի օրը մեկ»:
«Ես իմ էրեխուն եմ տեր, վսյո, չեմ ուղարկելու». - Հասմիկ Իվանյանը զոհվածի այրի է, որդուն անցյալ տարի նույն ճամբար էին տարել, գիշերով 15 հազար դրամով տաքսի է գտել ու Մեծամորից Ծաղկաձոր հասել՝ ջերմող որդուն բերելու. - «Ամեն զանգելուց լացում էր՝ «ես ստեղ չեմ ուզում մնամ, էնտեղ համակարգիչը դնում են մեր դեմը, ասում են՝ նայում ենք կինո, նկարում են, ասում են՝ «հելեք ցվրվեք»:
Այս տարի էլ տղան իրերը հավաքել է, ավտոբուսի մոտ հասել, պարզել են՝ նույն ճամբարն է, հետ են փախել...




















