Արդյո՞ք տարիքն է մայրական մաhացության դեպքերի գլխավոր պատճառը
- 7 hours ago
- 1 min read

Երևանում օրեր առաջ արձանագրվեց ծննդկանի մահվան դեպք, որը կրկին մեծ քննարկումների առիթ դարձավ ու հրապարակ բերեց մայրական առողջության և ծննդօգնության ոլորտի խնդիրները։ 40-ամյա ծննդկանը Հանրապետական ծննդատնից բարդացած վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Տեղափոխման ընթացքում կնոջ մոտ արձանագրվել էր սրտի կանգ։ Բժիշկները անմիջապես իրականացրել էին սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել էին նաև բժշկական կենտրոնում, սակայն, ցավոք, կնոջ կյանքը փրկել չէր հաջողվել։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ մայրական մահացության դեպքերը Հայաստանում վերջին տարիներին նվազման միտում ունեն։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է միայն մեկ նման դեպք, ինչը ոլորտի համար համարվում է դրական ցուցանիշ։
«2022-ին` 8, 2023-ին` 4, 2024-ին` 7, իսկ 2025-ին 1 դեպք ենք ունեցել, ինչը համարվում է վերարտադրողական առողջության ոլորտում լավ ցուցանիշ: Դա մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի բարձրացման, բուժհաստատությունների վերազինման, արագ արձագանքման և հղիների հսկողության խստացման արդյունք է»,- նշեց Ծատրյանը՝ ընդգծելով, որ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, հղիների վաղ փուլից հսկողությունն ու սկրինինգային հետազոտությունները նպաստում են ռիսկերի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։
Մանկաբարձ-գինեկոլոգ Վրույր Գրիգորյանն իր հերթին ընդգծում է, որ ծննդկանի մահը չի կարելի պայմանավորել միայն տարիքով։
«Միայն տարիքը պատճառ չի հանդիսանում։ Սովորաբար լինում են ուղեկցող այլ գործոններ։ Այս փուլում վաղ է որևէ եզրակացություն անել, քանի դեռ չկա դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքը։ Կանխարգելելու համար հղիներին վերցնում են հսկողության տակ վաղ շրջանից, և վտանգների մասին նախապես զգուշացվում է»,- նշեց մասնագետը։
Մասնագետները շեշտում են՝ յուրաքանչյուր նման դեպք պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, որպեսզի հնարավոր լինի պարզել պատճառները և ապագայում կանխել նմանատիպ ողբերգությունները։
Ալիտա Եղիազարյան




















