Կա ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից․ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է․ Ռոբերտ Քոչարյան
- 3 hours ago
- 2 min read

Տեսեք, թե ինչպիսին է իրավիճակը հիմա։ Ընդդիմադիր դաշտն ավելի մրցակցային է, դա փաստ է։ Սամվել Կարապետյանի թիմը նախընտրական արշավը սկսել է շատ ավելի վաղ՝ գործնականում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից այնտեղ ընթանում է նոր քաղաքական ուժի առաջմղումը։ Մենք սկսել ենք ընդամենը մեկ ամիս առաջ։ Ուստի ես հիմա չէի տարվի սոցիոլոգիայով, դաշտն իրականում մրցակցային է։ Այս մասին RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։
«Ցավոք, սոցիոլոգիան մեզ մոտ ավելի շատ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե երկրում, այսպես ասած, քաղաքական ջերմությունը չափելու գործիք։ Կտեսնենք, ընտրությունները ցույց կտան։ Այդ դեպքում ես պարզապես համաձայն եմ այն մտքի հետ, որ միջավայրն ավելի մրցակցային է, այդ առումով ավելի հետաքրքիր՝ գուցե քաղտեխնոլոգների համար, և ավելի լարված՝ մասնակիցների համար։ Ուստի «հետաքրքիրը» և «լարվածը» փոքր-ինչ տարբեր հասկացություններ են։ Այսպիսին է իրավիճակը։ Այդ առումով դեռ մտադիր չենք հանձնվել, կտեսնենք, կակտիվանանք։
Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ Սամվել Կարապետյանն է «ընդդիմության առաջնորդը»։ Կան մի քանի բավականին խոշոր ընդդիմադիր ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի, յուրաքանչյուրը տրամադրված է հաղթանակի, և ընդդիմադիր դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը պարզապես քաղաքականապես և քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է։ Կարելի է խոսել այն մասին, որ ըստ սոցիոլոգիայի ինչ-որ մեկն առջևում է, ինչ-որ մեկը մի փոքր հետ է մնում։ «Ընդդիմության առաջնորդ» հասկացությունը նշանակում է մարդ, որը միավորում է ամբողջ ընդդիմությունը։ Դա այդպես չէ»։
Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում, նախկին նախագահը նկատել է, որ ընդդիմադիր դաշտը, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ամրապնդվել է, քանի որ անցյալ անգամ մասնակիցների թիվը մոտ 25 էր։ Այն ձևակերպումը, թե ինքն է եղել ընդդիմության առաջնորդը, Քոչարյանը համարում է ոչ կոռեկտ։
«Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը, այսինքն՝ դրանք այնուամենայնիվ տարբեր բաներ են։ Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի (հանրահավաքներ, հանդիպումներ և այլն), բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այսինքն՝ մենք ունենք տարբեր դաշինքներ, տարբեր շարժումներ՝ տարբեր առաջնորդներով, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել։ Կա այսպիսի ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից։ Սկզբունքորեն, Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է, և բոլորն էլ նման նպատակ են դնում իրենց առջև։ Բայց խոսել ընդդիմության առաջնորդության մասին՝ այդ դեպքում պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։




















