Ասացվածք կա, ասում են՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է», Լուսին թռնելը մեզ համար խակ է. գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայություն կա. Փաշինյան
- 2 hours ago
- 1 min read

Ցանկացած չլուծված խնդիր, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում, հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է, որովհետև այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաև, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։ Այս մասին Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ Միացյալ Նահանգների` դեպի Լուսին «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000 այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։
Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռնել Լուսին և դրա համար կա ընդամենը մի պատճառ` այդ 400,000 գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը, որովհետև եթե լինեին այդ 400,000 պրոֆեսիոնալը և գիտնականը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու պետք է մենք հրաժարվեինք Լուսին թռնելուց, ինչու՞։ Որևէ պատճառ չկա։
Սա այն դեպքն է, կներեք, այդ կոպիտ օրինակի համար, հազար ներողություն, այդպիսի ասացված կա, չէ՞, որ ասում են` «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է», Լուսին թռնելը մեզ համար խակ է, իսկապես խակ է»,-նշել է նա:




















