Հետո էլ, որ ասում ենք Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է Ռուսաստանից, տարակուսած նայում են մեզ. Արարատ Միրզոյան
- 2 hours ago
- 1 min read

Հետո էլ որ ասում ենք Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են ոնց կարելի է այդպիսի բան ասել: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի այն հայտարարությանը, որ ռուսական ավիաընկերությունը չեղարկել է իր տոմսերը:
«Ինձ տեղեկացրել են դեպքի մասին, ձեզ հետ մանրամասները ճշտելուց հետո անպայման կդիմենք ռուսական կողմին՝ պաշտոնական դիվանագիտական խողովակներով, պարզաբանումներ հայցելու համար, եթե այդպիսին է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ առաջարկելով փոխել այդ դիրքորոշումը:
Ավելի լայն նայելով հարցին՝ ասեմ, որ ցավոք, առաջին անգամ չէ, որ լսում ենք ՌԴ-ի այս կամ այն պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների մուտքը արգելափակելու մասին: Այսպիսի դեպքերը ցավալի են, հետո էլ՝ որ ասում ենք Հայաստանի դեմ խառը, խառնածին ու հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են ոնց կարելի է այդպիսի բան ասել:
Երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չէ անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություններ: Ու՞մ համար գաղտնիք չէ, ռուսական մեդիայից էլ ենք լսում՝ ՀՀ-ի օրինական ընտրված Կառավարության ու վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ, սա լավ չէ Ռուսաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների համար»,- նշել է նա:



















