top of page

Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

  • Jun 1
  • 1 min read

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնել է հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։

Մայր Աթռոի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։

Օրվա խորհրդի մասին քարոզել է Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։

«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», - ասել է Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։

Հայկազուն արքեպիսկոպոսը նկատել է նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ:

 
 
1/2922
bottom of page