top of page

Ինչու են ձգձգվում ձնամաքրումից հետո Երևանի փողոցներից աղի ու ավազի մաքրման աշխատանքները

Feb 23
1 min read

Ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրեն Սաշա Կատվալյանը։

Հատկանշական է, որ փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ նույն Կատվալյանը վստահեցրել էր, որ մաքրման գործընթացը կավարտվի 1 շաբաթում։

«Երևանի փողոցներն ինտենսիվորեն մաքրվում են աղի և ավազի խառնուրդի մնացորդներից։ Աշխատանքները մի փոքր դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բավականին հաստ է և կոշտացած որոշ փողոցներում, ու դա հնարավոր է հեռացնել միայն տրակտորով և բահով։ Այդ տարածքները մաքրումից հետո կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով»,- ասաց նա։

Կատվալյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ։

Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է. «Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ևս մեկ անգամ ժամկետները ճշտեց ու հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր վարչական շրջաններն են անհրաժեշտ տեխնիկա տրամադրել։ Կատվալյանը պատասխանեց՝ գրեթե բոլոր վարչական շրջանները։

 
 
1/3084
bottom of page