Հայաստանի համար գազի գինը կվերանայվի, օդային և ցամաքային ճանապարհները կփակվեն
- 2 hours ago
- 4 min read

Քանի Հայաստանի իշխանական շրջանակներում գործնականում ահագնանում են հակառուսական տրամադրությունները, իշխանության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում այս կամ այն ընդդիմադիր մրցակցին մեղադրում են ռուսաստանյան գործակալ լինելու մեջ, ավելին՝ այդպիսի մեղադրանքներով գործեր են հարուցվում ու քաղաքական գործիչներ են կալանավորվում՝ այդպիսով Ռուսաստանը հայ հանրության աչքի առաջ մեր պետության ինքնությանը լուրջ սպառնալիք և Հաայաստանը կլանելու պատրաստ թշնամի երկիր ներկայացնելով, այնքան, որ Ռուսաստանն արդեն ծանրակշիռ քայլեր է իրականացնում՝ իրենից ու ԵԱՏՄ շուկայից ուղիղ կախվածության մեջ գտնվող Հայաստանին տնտեսապես սահմանափակելու ուղղությամբ։
Որքան էլ ուզում է պաշտոնական Երևանը հայտարարի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի, Ռուսաստանը, հիմնվելով ՀՀ իշխանությունների գործնական քայլերի վրա, բացահայտ հայտարարել է Հայաստանի հետ իր հնարավոր «ապահարզանի» ցանկության մասին՝ հորդորելով, որ Հայաստանը շատ արագ որոշում կայացնի իր կողմնորոշումների մասին։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարման տարիներին ԵԱՏՄ և հատկապես ռուսաստանյան շուկայից Հայաստանի կախվածությունն առավելագույնի է հասել։
Հայկական արտադրանքի իրացման շուկան հիմնականում Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ավելի շատ տեղական արտադրանք է իրացվում, քան ՀՀ շուկայում՝ հաշվի առնելով նաև շուկաների ծավալները։ ԵՄ շուկայի մասին խոսելն էլ ավելորդ է՝ հայկական արտադրանքի իրացման այնքան չնչին տոկոսների մասին է խոսքը։ Իսկ վերջին տարիներին շուկան դիվերսիֆիկացնելու մասին խոսելուց բացի օրվա իշխանություններն այդ ուղղությամբ որևէ արդյունավետ ծրագիր չեն իրականացրել։ Հետևաբար արտահանվող ապրանք արտադրող տնտեսվարողների հիմնական եկամուտը շարունակում է մնալ ռուսական։ Իսկ դա նշանակում է, որ մեր իշխնությունների ամեն անզգույշ քայլ առաջին հերթին նաև իրենց հետ խնջույքների սեղանների նստող ու տիկին Աննայի հիմնադրամին շռայլորեն գումարներ փոխանցող տնտեսվարողների գրպաններին է հարվածում։ Անուղղակիորեն դա ազդում է մեր տնտեսության վրա, քանի որ քիչ եկամուտ, քիչ հարկեր տրամաբանությամբ բյուջետային մուտքերն են կրճատվում։ Չհաշված, որ նման զարգացումները վաղ թե ուշ հանգեցնելու են նաև տնտեսվարողների շրջանում համատարած դժգոհությունների՝ ավելացնելով իշխանությունների անիվների տակ փայտ դնել ցանկացողների թիվը։ Ի վերջո ցածր եկամուտների պայմաններում այդ նույն տնտեսվարողները կարող են նաև այլ շուկաներ փնտրել իրենց գործունեության համար։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ռուսական շուկայի վերահսկման կառույցների ուշադրության տակ է հայտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերությունն իր «Ջերմուկ» ապրանքանիշով։ Նախ Ռուսաստան ներմուծված «Ջերմուկի» խմբաքանակում ուսումնասիրություններ նախաձեռնվեցին, այնուհետև լուրջ խախտումներ ու նորմայից շեղումներ ի հայտ եկան և համապատասխան խմբաքանակի իրացումը ռուսաստանյան շուկայում արգելվեց։ Օրերս էլ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով «Չեստնի զնակ» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկի» վաճառքը՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնաս հասցնելը կանխելու նպատակով հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից ելնելով»։ Սա «Ջերմուկ» շշալցված ջրի մանրածախ և առցանց վաճառքի կասեցման առաջին դեպքը չէ։ 2026 թվականի ապրիլին Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով «Չեստնի զնակ»-ն արդեն արգելափակել էր ավելի քան 1, 4 միլիոն շշի վաճառքը։
Կհիշեք նաև, որ Ռուսաստանը պարզապես արգելեց ռուսական շուկայում Պռոշյան գործարանի արտադրած կոնյակի իրացումը՝ ընկերությանն ընդհնարապես զրկելով այդ թույլտվությունից։ Հերթը հիմա էլ «Վեդի Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած կոնյակներինն ու գինիներինն է։ Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է այդ ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը՝ պատճառաբանելով, որ ընկերությունների արտադրանքը չի համապատասխանում պարտադիր պահանջներին։
Ռոսպոտրեբնադզորը սահմանափակումներ է սահմանել նաև հայկական գյուղմթերքների և ծաղիկների արտահանման ու իրացման համար։
Այն որ այս սահմանափակումներն ու արգելքները ավելի շատ քաղաքական բնույթի են, ռուսական կողմը չի էլ թաքցնում։
Մասնավորապես Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ ասել է, որ Փաշինյանն իր վարած վտանգավոր քաղաքականության հետևանքով կարող է Հայաստանը զրկել ռուսական և ամբողջ ԵԱՏՄ շուկայից օգտվելու առավելություններից, տարիներով կառուցած տնտեսական կապերից․ «Ինչպես երևում է, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, նա ինքն է մեծ սխալ հաշվարկ կատարել և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար։ Այս շատ յուրահատուկ անհատի գործողությունների հետևանքով ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան, ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը և տասնամյակների ընթացքում կառուցված տնտեսական կապերը»,-հավելել է նա։ Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը կարող է ստիպել Երևանին ռուսական գազ գնել եվրոպական գներով, որոնք ներկայիս գնից երեք անգամ ավելի բարձր են։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը առաջարկել է, որ Հայաստանի վարչապետը հարցնի քաղաքացիներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են ընդունել նման գին։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը MediaHub-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուսական շուկայում առաջացած խնդիրներին, վստահեցրեց, որ այս վիճակը լիովին սպասելի էր։ Ըստ նրա՝ հայկական արտադրանքի՝ ծաղիկների, գյուղմթերքի, մասնավորապես, լոլիկի հետ կապված խնդիրներ ժամանակ առ ժամանակ եղել են ռուսական շուկայում, սակայն առանց աղմուկի այդ խնդիրները հարթվել են, խախտումները վերացվել են և փոխգործակցությունը շարունակվել է բարիդրացիական մթնոլորտում։ Աշոտ Հարությունյանը խնդիրը երկու տեսանկյունից է դիտարկում՝ տեխնիկական և քաղաքական։ Եթե ընդունենք, որ վերջին ժամանակահատվածում ռուսական և ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների հետ կապված խնդիրները զուտ տեխնիկական են, ապրանքների որակի հետ կապ ունեն, չափորոշիչների խախտումների, ապա դա ևս կառավարության համապատասխան գերատեսչական մարմինների թերացման, վատ կառավարման պատճառով է, որ նրանք այդ ոլորտը ձախողել են։ Նախկին պաշտոնյայի բնորոշմամբ՝ դա կամ հատուկ մտածված, դիտավորություն ունեցող քաղաքականություն է, կամ չիմացության հետևանք։ Երկու դեպքում էլ եղած իրավիճակը պատիվ չի բերում մեր կառավարությանը։ «Գերատեսչական մարմիններն իրենց համապատասխան գործիքակազմով՝ խորհրդատվություն, լաբորատորիաներ, փորձագետներ, պետք է անընդհատ ֆերմերի կողքին լինեն։ Պարտադիր չէ, որ ֆերմերը սկզբից մինչև վերջ տիրապետի ագրոկանոններին և ԵԱՏՄ կանոնակագերին։ Նրան պետք է ուղղորդել, օգնել, սովորեցնել ու վերահսկել՝ թույլատրելի ագրոքիմիկատների օգտագործման և դրանց չափաքանակների հարցում, վնասատուների դեմ պայքարի հարցում և այլն։ Այդ նպատակով պետական բյուջեից հսկայական միջոցներ են դուրս գրվում և փաստորեն դրանք անարդյունավետ են ծախսվում։
Քաղաքական տեսանկյունից Աշոտ Հարությունյանը Ռուսաստանում հայկական արտադրանքի նկատմամբ քայլերը որակում է որպես համարժեք քայլ ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությանը․ ««Դու՝ ինձ, ես՝ քեզ» պարզ բանաձևն է գործում։ ՌԴ-ից բարձր մակարդակով արված հայտարարություններում ևս պաշտոնյաները խնդիրը կապում են այստեղից արված արտահայտությունների և վարած քաղաքականության հետ, ակնհայտ է, որ պատասխան են տալիս ու չեն թաքցնում դա։ Պետք է համր լինես, կույր լինես կամ վերին աստիճանի դեբիլ լինես, որ չհասկանաս՝ դա ինչ է նշանակում։ Երբ դեռ ծաղկի խնդիրն էր առաջացել, ծաղկաբույծները բողոքում էին, ես ասացի, որ դրանք ընդամենը ծաղիկներն են, հետևանքներն ավելի ծանր են լինելու։ Եվ հետևանքները չուշացան»։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը մտավախություն ունի, որ հայաստանյան իշխանությունների կողմից հակառուսականության շարունակական սրման դեպքում Հայաստանին շատ ավելի վատ փորձություններ են սպասում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը արդեն ակնարկել է Հայաստանի հետ իր ցամաքային և օդային տարածքները փակելու, գազի գինը վերանայելու հնարավոր մտադրությունների մասին. «Եթե դա իրականություն դառնա, ապա Հայաստանը կոլապսի կենթարկվի, մենք կվերհիշենք իննսունականների մթի ու ցրտի տարիները»։
Մեր զրուցակցի տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան է արտահանվում այստեղ արտադրվող, աճեցվող գյուղմթերքի, սպիրտային խմիչքների, կաթնամթերքի, պահածոների, վերամշակվող հումքի 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին։ Եվ եթե մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան փակվի, ապա բացի եկամուտների զգալի կորստից տնտեսվարողները, ֆերմերները ստիպված կլինեն նվազեցնել իրենց արտադրության ծավալները կամ պարզապես դադարեցնել գործունեությունը։ Այն դեպքում, երբ հսկայական միջոցներ են ներդրվել այդ արտադրության համար․ «Վերջին մի քանի տարիներին իշխանությունները հինգ հազար հետկար նորագույն տեխնոլոգիաներով այգիներ են հիմնել։ Նաև բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ են ստեղծել։ Մարդիկ վարկեր են վերցրել դրանց համար, և եթե Ռուսաստանը փակի դրանց իրացման հիմնական շուկան, ինչ են անելու տնտեսվարողները, գյուղատնտեսները, ինչպե՞ս են փակելու իրենց միլիոնավոր վարկերը»։
Աշոտ Հարությունյանը վատատեսական կանխատեսումներ է անում, եթե օրվա իշխանությունները խելքի չգան, չփոխեն Ռուսաստանի հետ հարաբերվելու իրենց խոսույթը, տոնայնությունը։




















