Մեկ շուկայից անհամաչափ կախվածություն պետք է չունենանք, սա նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհ է. Փաշինյան
- 10 hours ago
- 1 min read

Մեր փորձը ցույց է տալիս, որ ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն՝ լինում են գերբերքատվության և ցածր բերքատվության տարիներ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մենք ժամանակ ունենք առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ ծիրանի և մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։
Այսինքն՝ եթե մենք որևէ բան արտահանում ենք տասնյակ շուկաներ, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող ազդել մեր շուկայի վրա, և ընդհանրապես, բոլոր ապրանքատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ: Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհ է»,-նշել է նա։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թեմայի շրջանակում անդրադարձել է ՀՀ-ից տարբեր ապրանքատեսակների արտահանման աշխարհագրությանը՝ ներկայացնելով տվյալներ:
«Հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ արտահանել ենք աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր»,-տեղեկացրել է նա:
Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ տնտեսվարողները պետք է նաև հարմարվողականություն ցուցաբերեն, քանի որ շուկաներից յուրաքանչյուրն ունի պահանջների կամ ճաշակի իր բանաձևը:
«Հիմա կարող է՝ մի երկիր կա, որում սպիտակ ծաղիկ ավելի շատ է վաճառվում, քան վարդագույն, կամ՝ հակառակը։ Պետք է ջանք դրվի, որպեսզի շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանի ապրանքը, ուսումնասիրություններն արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չարտահայտվեն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։




















