top of page

Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա»



Վերջին օրերին Տավուշի մարզի տարբեր համայնքներում ձևավորվել են տեղային ժողովրդական ինքնաբուխ բջիջներ, որոնք արմատական դիմադրություն են ցուցաբերում ՀՀ հանձնվողական իշխանության վարած քաղաքականությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հանրապետությանն են փոխանցվում ՀՀ մաս կազմող տարածքային միավորներ, որով էլ փլուզվում է պետության հյուսիսարևելյան հատվածի՝ Տավուշի պաշտպանական գիծը՝ առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ պետության և սահմանապահ համայնքների բնակիչների համար:

ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարող, ապօրինի և ներպետական իրավական-օրենսդրական գործընթացները շրջանցող, ոչ ինստիտուցիոնալ և միանձնյա ընդունված այս որոշմանն ընդդիմացողների նկատմամբ ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ և բերման ենթարկում դիմադրելու իր իրավունքից օգտվող տասնյակ քաղաքացիների: 

Զուգահեռաբար, իշխանությունը զավթած վարչախումբը՝ իր հակաժողովրդական, հակաժողովրդավարական ամբողջ գործիքակազմով, իրեն սպասարկող մեդիաարբանյակներով, հակաազգային և հակապետական քարոզչամեքենայով, լծվել է հեղինակազրկման համակարգված արշավի՝ թիրախում պահելով Հայ եկեղեցու սպասավորներին և հանձնվողական հայադավ քաղաքականությանն ընդդիմացող գործիչներին:

Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդող, հատկապես Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, իբրև թե «խուլիգանություն իրականացնելու» մեղադրանքով Ոստիկանությունում ապօրինի պահվող, քաղաքական հստակ հետապնդման ենթարկվող հանրային գործիչ Սուրեն Պետրոսյանի դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը, համերաշխություն հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին, պահանջում իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը, ցուցաբերել զսպվածություն՝ դիմադրություն ցույց տվող հայրենակիցների գործողություններին պատասխանելիս: 

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամ

24.04.2024 թ.

تعليقات

تعذر تحميل التعليقات
يبدو أن هناك مشكلة فنية. حاول إعادة الاتصال أو تحديث الصفحة.
bottom of page