Ողբերգական վթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել․ Shamshyan
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 2 min read

Հուլիսի 1-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից, ինչը դարձել էր 3 երիտասարդ տղաների մահվան պատճառ։ Հրապարակումից հետո զանգվածային լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր տեղեկություններ տարածեցին, որ մահացածներից 20-ամյա Արտյոմ Ստեփանյանը բանակից զորացրվել էր ու նրան գնացել էին դիմավորելու և տուն բերելու Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանն ու 17-ամյա Կարեն Նաղդալյանը։ Զինվորին դիմավորելուց հետո տուն գալու ճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչն էլ դարձել է նշված անձանց մահվան պատճառ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի։Մահացածներից Ա․ Ստեփանյանը ծառայել է ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորամասերից մեկում, ծառայության ընթացքում միշտ բնութագրվել է դրական, խրախուսանքների է արժանացել հրամանատարների կողմից և ավտովթարի օրը ինքը տաքսի ավտոմեքենայով եկել է տուն։ Արդեն տան մոտ իր ընկերները «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով դիմավորել են նրան, խանութից ծաղկեփունջ է գնել ու եկել տուն։Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․«Մենք ձեզ էլի չէինք գրի, բայց սիրտներս մղկտում ա՝ տեսնելով մամուլում տարածված սխալ տեղեկատվությունը այն մասին, թե իբր 17 տարեկան երկու տղաները գնացել էին Արտյոմին դիմավորելու (ով նույն օրն էր եկել բանակից): Արտյոմը այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերեն, սակայն դա այդպես չէ և բոլոր այդ մարդիկ իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծողներին, այդ կերպ էլ ավելի ցավեցնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի ծողներին ու հարազատներին»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։ Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արսեն Շավոյանը և Ներսես Ասատրյանը։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանը, 17-ամյա Կարեն Նաղդալյանը և Արագածոտնի մարզում հաշվառված 20-ամյա Արտյոմ Ս.-ն: Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել վարորդը: