top of page

Այլևս «միջանցք» չկա, կա «Թրամփի երթուղի»․ ինչ փաստաթղթեր են ստորագրվելու Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը. ԶԼՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 7
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ  կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ:


Ըստ միջազգային տարբեր լրատվամիջոցների ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կներկայացվի «Թրամփի երթուղի» ենթակառուցվածքային ծրագիրը, որը կկապի Հայաստանը և Ադրբեջանը։

Նպատակ կա ստեղծել «խաղաղության անշրջելի ուղի»՝ ուրվագծելով երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորման քայլերը։ Շեշտը տեղափոխվում է պատերազմը կանխելուց դեպի ակտիվ խաղաղության կառուցում։


Ըստ նույն լրատվամիջոցների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախնական ստորագրություններ կդնեն խաղաղության համաձայնագրի վրա, որի շուրջ աշխատել են վերջին 4-5 ամիսներին, ինչը պետք է խորհրդանշի համաձայնագրի պայմանների նկատմամբ փոխադարձ հավատարմությունը։


Այլևս «միջանցք» չկա։ Գագաթնաժողովը կենտրոնանում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա։ Այն հայտնի կլինի TRIPP հապավումով:


TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ՝ հարավային Հայաստանի միջով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը Նախիջևան էքսկլավ։


TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: ԱՄՆ-ն չի տրամադրի անվտանգության խիստ երաշխիք կամ ուժեր չի տեղակայի երթուղում: ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար բարձրակարգ օպերատորների հետ համաձայնագրերի միջոցով:


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը։


Սպիտակ տանը հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

 
 
bottom of page