top of page

«Անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները». Լարիսա Ալավերդյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը տարածել է հայտարարություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները։

«2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին:

Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ` խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող վերաբերմունք, ապօրինի ազատությունից զրկում, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, կարծիքն արտահայտելու ապօրինի սահմանափակում/միջամտություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն:

Երեկ պարզվեց, որ այս «ահռելի» քանակով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին միացել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունն` ի դեմս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանի:

Լիլիթ Աղեկյանին հետապնդելու համար Հայաստանի Հանրապետությունում 25 տարի անընդմեջ գործող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը նույնպես ընկավ հարվածի տակ:

Հեղինե Մարտիրոսյանի կողմից Լիլիթ Աղեկյանին իր ներկայացուցչի` փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆիդենցիալ տեսակցություն թույլ չտալն ապօրինի միջամտություն է Եվրոպական դատարան անհատական գանգատ ներկայացնելու համար:

Անձն ով պնդում է, որ դարձել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների պայմանավորվող կողմի` տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության թույլ տված խախտման զոհ, ապա Բարձր պայմանավորվող կողմը պարտավոր է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Կոչ եմ անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը`

անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները,

Լիլիթ Աղեկյանի գործի վերաբերյալ ճշմարիտ և համապարփակ հաշվետվություն ներկայացնել, Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնության տրամադրման հարցին շտապ լուծում տալ:

Ի վերջո կանգ առնել` անհապաղ վերջ դնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ տիրող անպատժելիությանը»,- ասված է հայտարարության մեջ։

bottom of page