top of page

Կի՞նն է հարուստ, թե՞ ամուսինը․ Մհեր Գրիգորյանի և տիկնոջ ունեցվածքը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենահարուստ պաշտոնյաներից է։ Նախկին բանկիր փոխվարչապետը իր 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և հաշիվների հայտարարագրում ներկայացրել է մեկ հողամաս՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, մեկ անհատական բնակելի տուն՝ դարձյալ Աշտարակում, Երևանի Կենտրոն համայնքում մեկ բնակարան, որի հասցեն թեև նշված չէ, բայց որքանով տեղյակ ենք՝ այն Հանրապետության Հրապարակին հարակից Բուզանդի փողոցի նորակառույց շենքերից մեկում է, և երկու ավտոտնակ՝ դարձյալ Կենտրոն համայնքում։ 

Անշարժ գույքի ֆոնին Գրիգորյանը, սակայն, որևէ շարժական գույք, տրանսպորտի որևէ միջոց չի հայտարարագրել։ Փոխարենը նա 511 հազար 700 դոլարի արժեթուղթ է ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, որի վարչության նախագահի պաշտոնն է զբաղեցրել մինչև 2018 թվականի իշխանափոխությունը։ 

Գրիգորյանի բանկային հաշիվներին 2023 թվականի սկզբին եղել է 37 դոլար և 3 մլն 4 հազար 712 դրամ, որոնք տարվա վերջին դարձել են 0 դոլար և 4 մլն 606 հազար դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ անցյալ տարվա վերջի դրությամբ Գրիգորյանն ունեցել է 70 մլն դրամ։ 

Հաշվետու տարվա ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ստացել է ընդհանուր 29 մլն 977 հազար 671 դրամ եկամուտ, որից 24 մլն 19 հազար 205 դրամը եղել է որպես փոխվարչապետ իր ստացած վարձատրությունը, իսկ 14 հազար 523 դոլարն ու 327 հազար 943 դրամը՝ «Արդշինբանկից» ստացած եկամուտ։

Գրիգորյանի կինը՝ Աննա Նովիկի Գրիգորյանը, հայտարարագրել է գրեթե նույն անշարժ գույքը, ինչ ամուսինը, գումարած՝ մեկ հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Ի տարբերություն ամուսնու՝ նա նաև տրանսպորտային միջոց է հայտարարագրել, որն այս դեպքում 2016 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի մեքենա է։ Բանկային հաշիվներն էլ պակաս տպավորիչ չեն։

Նա, օրինակ, 500 հազար դոլարի և 500 հազար եվրոյի ավանդ է ունեցել բանկում, որոնք տարվա վերջին դարձել են 600 հազար դոլար և 0 եվրո։ 

Փոխվարչապետի տիկնոջ բանկային հաշիվներին անցյալ տարվա վերջին եղել է 1 մլն 127 հազար դրամ և 10 եվրո։ 

Տիկին Գրիգորյանը նույնպես ամուսնու պես եկամուտ է ստանում «Արդշինբանկից»։ Մասնավորապես, հաշվետու տարվա ընթացքում Աննա Գրիգորյանի եկամուտներն «Արդշինբանկ» ՓԲԸ-ից կազմել են 5 հազար 20 եվրո և 12 հազար 902 դոլար։ 

Տարվա ընթացքում Մհեր Գրիգորյանի կինն իր հանգստի վրա ծախսել է  3 մլն 308 հազար դրամ։

Վահե Մակարյան

bottom of page