«Իմ մեկնաբանությունները կարող են դիտվել որպես մեր կողմից կաշկանդող հայտարարություն»․ Հայկ Կոնջորյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և խմբակցությունում թևեր չկան, կա մեկ թև և դա Նիկոլ Փաշինյանի թևն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք խմբակցության ներսում կան դժգոհություններ Անդրանիկ Քոչարյանից և արդյո՞ք այդ հարցը քննարկվել է ՔՊ նիստում։ Պատասխանելով հարցին, թե ե՞րբ է անդրադարձ լինելու և գնահատական տրվելու Արգիշտի Քյարամյանի վարքին՝ կապված խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, Կոնջորյանը նշեց․ «Հաշվի առնելով, որ պարոն Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահն է, ես՝ ՔՊ խմբակցության ղեկավարն եմ, ճիշտ չի լինի՝ իմ մեկնաբանությունները տամ, բայց գիտեմ, որ այդ հարցով ևս լինելու է որոշակի ընթացք։ Եթե ես հիմա մեկնաբանություններ տամ, դա կարող է դիտվել որպես մեր կողմից կաշկանդող հայտարարություն»։