Ծեծել են գիտնականներին ու ծեծկռտուքը բաժանող ոստիկանին
«Գրին Փրոփերթի Դիվելոփմեն» ընկերության աշխատակիցները տնօրեն Արտաշես Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀՀ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին, մի քանի այլ գիտնականների եւ ծեծկռտուքը բաժանող ոստիկանության աշխատակցին։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Հակոբյանը՝ ով այժմ ոստիկանության բաժանմունքում դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում։ Նշենք, որ գիտնականներ այսօր Ազատության պողոտայի 26/1 հասցեում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել գիտահետազոտական կենտրոնի ջրավազանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Կառուցապատող ընկերության աշխատակիցները սպասել են, որ այսօրվա ակցիան լուսաբանող լրագրողները հեռանան տարածքից, ապա հարձակվել եւ ծեծի են ենթարկել ապօրինության դեմ պայքարող գիտնականներին եւ անգամ ոստիկանին:
«Ակցիայի վայրում կանգնած էինք, դարպասները բացեցին կառուցապատող ընկերության աշխատակիցները, տնօրենի գլխավորությամբ, կամազներով եւ գռուզավիկներով քշում էին մեզ վրա։ Վարորդներն այլ աշխատակիցների եւ տնօրենի հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, հետո սկսեցին քաշքշել ու ծեծել։ Ինձ հարվածում էին մի քանի հոգով՝ տարբեր կողմերից։ Բռնության ենթարկեցին նաեւ ոստիկաններից մեկին, ով փորձում էր կանխել ծեծկռտուքը»,-ասաց նա։
Comments