top of page

10-ամյա աղջիկը, արդեն 8 օր է, կոմայի մեջ է, ծնողներն էլ վթարից հետո հիվանդանոցից դուրս են գրվել․ ի՞նչ է հայտնի

Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի ԲԿ-ից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Թե ի՞նչ է տեղի ունեցել երեխայի հետ, պարզում է Քննչական կոմիտեն:

Ցավոք, փոփոխություններ երեխայի առողջական վիճակում դեռ չկա. MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 10-ամյա աղջիկը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, փոփոխություն չկա»։

ԶԼՄ–ներում տարածվեց տեղեկություն, որ սեպտեմբերի 24–ին 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: 

MediaHub-ը տեղեկացավ, որ հոր մոտ վնասվածքներ եղել են, մասնավորապես, կրծքավանդակի մասում, վնասվել է նաև ոտքը, սակայն լուրջ բան չի եղել։ Աղջկա մայրը մի քանի օր գտնվում էր հիվանդանոցում, արդեն լավ է իրեն զգում, դուրս է գրվել հիվանդանոցից։ Երրորդ անձը, որ եղել է ծնողների հետ մեքենայում վթարի պահին հորաքույրն է, նա դեռ «Էրեբունի» հիվանդանոցում է. բժիշկները նշում են, որ վիճակը բավարար է։ 

Հիշեցնենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։ Նշենք նաև, որ դեպքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարիաննա Արամյան

Comments


1/1770
bottom of page