Չեմ ստացել փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, ժամանակ է պետք պաշտպանական ճառին պատրաստվելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
- Elen Hovsepyan
- Aug 22, 2024
- 2 min read

Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական այսօրվա նիստին պաշտպանական կողմը պետք է հանդես գար ճառերով։
Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Հաշվի առնելով, որ դատավորը տեղեկացված է եղել, որ ես Հայաստանից բացակայելու եմ և լինելու եմ արձակուրդում, չեմ ստացել որևէ փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, որպեսզի ներկա լինեմ դատական նիստին, ինձ ժամանակ է պետք հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել իմ բացակայության շրջանում դատական նիստերին և խնդրում եմ ինձ տրամադրել կրիչները»։
Նա խնդրեց ժամանակ տրամադրել ծանոթանալու դատական նիստերի ձայնագրություններին ու պատրաստվելու պաշտպանական ճառին։
Դատավորն Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ դատարանը բավարարում է միջնորդությունը և մինչև օգոստոսի 28-ը ժամանակ է տրամադրում պաշտպանական ճառին պատրաստվելու համար։
«Ինձ պետք է ժամանակ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել նախկին երկու նիստերին, որից հետո կկարողանամ դիրքորոշում հայտնել»,- ասաց Ա.Օրբելյանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ հետաձգված 73 դատական նիստերի հետաձգման հիմք ստեղծել է կամ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպանական թիմը, կամ Հրայր Թովմասյանն ու իր պաշտպանական թիմը։
«Ինչ վերաբերում է առանց Հրայր Թովմասյնաի համաձայնության հանրային պաշտպան նշանակելու հարցին, դատարանն այդ որոշումը կայացրել է պաշտպանության կողմի վարքագծի արդյունքում՝ արդարադատության շահից և դրանից ածանցվող արդյունավետ պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների, քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով»,- ասաց դատավորը։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։