Մեղավորին փնտրում էին, գտան․ փաստաբան

Երեկ Արդարադատության նախարարության պահանջով ԲԴԽ-ն կասեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ նշելով, որ դատավորը հույժ կարևոր քրեական գործերից մեկով, որն առնչվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ոչ պատշաճ վարք է ցուցաբերել, ինչով էլ նպաստել է երկրորդ նախագահի՝ վաղեմության ժամկետի հիմքով ազատ արձակմանը։
Այսպես, դատավորի լիազորությունները կասեցնելու համար որպես հիմք ներկայացված էր օրինակ այն, որ Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով չի կանխել պաշտպանության կողմի նույնաբովանդակ միջնորդությունների ներկայացումը։ Դրա հետևանքով էլ, ըստ հիմնավորման, վաղեմության ժամկետների անցման հիմքով անձինք չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։
«Նախ նշեմ, որ պաշտպանության կողմը երբեք նույնաբովանդակ միջնորդություններ չի ներկայացրել, ավելին, նույնատիպ միջնորդություններ են ներկայացվել, օրինակ, ինքնաբացարկի վերաբերյալ, խափանման միջոցի վերաբերյալ։ Այսինքն՝ այդ միջնորդությունները նույնաբովանդակ չէին, ուստի Աննա Դանիբեկյանը չէր կարող այդ միջնորդությունները կանխել։ Այդ առումով, միանշանակ, անհամաձայնություն ունեմ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Բացի այդ, ըստ փաստաբանի, պատճառաբանական մասում կան խոցելի և վտանգավոր ձևակերպումներ։ Նշվում է, որ Աննա Դանիբեկյանի ձեռքի տակով է անցել ՀՀ պատմության ամենակարևոր քրեական գործերից մեկը։
«Որևէ գործ մյուսի նկատմամբ կարևորություն կամ առավելություն ունենալ չի կարող։ Բոլոր գործերը դատական իշխանության համար պետք է գտնվեն հավասար հարթակում։ Եթե դու որևէ գործ առանձնացնում ես, ապա այդտեղ քաղաքական էլեմենտների հատկանիշներ են դրսևորվում։ Սա ցույց է տալիս, որ դատական իշխանությունն ունի և ունեցել է հատուկ վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ այս գործի նկատմամբ։ Ու քանի որ այդ գործի արդյունքն իրենց դուր չի եկել, պիտի մեղավոր գտնեին, գտան էլի»,- նկատեց նա։
Էրիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ հստակ է՝ երբ Կարեն Անդրեասյանն ասում է, թե Աննա Դանիբեկյանը չի արձանագրել փաստաբանների կողմից իրավունքի չարաշահում և չի անցել հաջորդ փուլեր, սխալվում է, քանի որ Աննա Դանիբեկյանը չէր կարող նման բան արձանագրել։
«Իրավունքի չարաշահում արձանագրվում է այն դեպքում, երբ ներկայացվում են բացառապես նույն բովանդակությունն ունեցող միջնորդություններ։ Բայց այս դեպքում նման իրավիճակներ չեն եղել։ Յուրաքանչյուր դեպքում Դանիբեկյանը կայացրել է տարբեր որոշումներ։ Այսինքն՝ միջնորդությունները մերժել է, բայց պատճառաբանությունը բոլոր դեպքերում տարբեր է եղել։ Այսինքն՝ իրավունքի չարաշահում փաստաբանների կողմից չի եղել, ու Դանիբեկյանն էլ, բնականաբար, դա չէր կարող կանխել»,- ամփոփեց խոսքը փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նարե Գնունի