«Ժողովուրդ». ԱԳ նախարարը ԱԺ կգնա. ներկայացնելու է գերատեսչության 2025 թ.-ի բյուջեն
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նա կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը:
Արարատ Միրզոյանը խոսելու է նաեւ նախարարության կատարած աշխատանքի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:
Խորհրդարան կգնան նաեւ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
Ուրբաթ օրը եւս բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն: Այդ օրն էլ խորհրդարան կգնան Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Բյուջեի նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում