«Փաշինյանն ասել էր՝ մինչև 2025-ը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»․ վթարային շենքի բնակիչ

«Հինգ տարի առաջ Փաշինյանն ասեց, որ մինչև 2025 թվականն այլևս հանրակացարաններ պետք է չլինեն։ Իրենք նստում են իրենց տաք աթոռներին ու չեն մտածում ժողովրդի մասին»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի վթարային 68ա շենքի բնակչուհին։ Նշենք, որ Վարդաշենի 68 ա շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները պահանջում են լուծել իրենց խնդիրը, ապահովել բնակարաններով, այլապես շարունակաբար ակցիաներ են իրականացնելու, վրաններ են տեղադրելու քաղաքապետարանի դիմաց, մնան այնտեղ այնքան, մինչև իշխանություններն իրենց խոստումները կատարեն։«Մենք ի վիճակի չենք այնտեղ ապրել, մարդկանց առողջականը խոնավությունից փչացելա։ Զուգարանում սև սունկ է աճում։ 5 տարի առաջ պետք է տարհանեին մեզ, ամեն տեղ դիմելու ենք»,- ասում է մեկ այլ բնակիչ։ «Հնարավոր չէ ապրել․ գյուրզա ենք սատկացրել բակում։ Փաշինյանն էլ էր ասել, որ մինչև 2025 թվականը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»,- ասում է շենքի տարեց բնակչուհին։Նշենք, որ բնակիչներն անձրևի տակ կանգնած պահանջում են, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա կամ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ իրենց ընդունի: Նրանց պահանջին դեռ չեն արձագանքել։




















