Պուտինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ Գերմանիայում իր սպառազինությունը տեղակայելուց

Ռուսաստանի Դաշնությունն իրեն ազատ կհամարի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումից, եթե ԱՄՆ-ն զենքեր տեղակայի Գերմանիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ելույթը հեռարձակել է Առաջին ալիքը, գրում է Gazeta.ru-ն։
Հուլիսի 28-ին ՌԴ նախագահը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին։ Միջոցառման ընթացքում նա խոսել է 2026 թվականից Գերմանիայում հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգեր տեղակայելու ամերիկյան իշխանությունների ծրագրերի մասին։
«Եթե ԱՄՆ-ն իրագործի նման ծրագրերը, մենք մեզ ազատ կհամարենք միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման միակողմանի մորատորիումից, ներառյալ մեր նավատորմի առափնյա զորքերի հնարավորությունների մեծացումը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ եթե ամերիկյան հրթիռները հայտնվեն Գերմանիայի տարածքում, ռուսաստանյան մի շարք կարևոր օբյեկտներ նրանց հասանելիության տակ կհայտնվեն։ Այդ դեպքում թռիչքի ժամանակը կկազմի ընդամենը մոտ 10 րոպե, ասել է ՌԴ նախագահը։