top of page

Ո՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 22
  • 1 min read

«Երկար ժամանակ իր իսկ ցանկությամբ հայրս Բաքվից Կարմիր խաչի միջոցով տեսագրություններ չէր ուղարկում, ասում էր՝ «ի՞նչ իմաստ կա, ամեն չորեքշաբթի խոսում եմ, դա էլ է բավական»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Ներքին Սզնեք գյուղից գերեվարված Մելիքսեթ Փաշայանի դուստրը՝ Զարինեն։ 

Օրերս Բաքվից հրապարակված դատավարության կադրերում տեսել են Մելիքսեթին։ Դստեր խոսքով՝ ի համեմատ մյուսների՝ հոր տեսքը վատ չի եղել։ Իսկ Բաքվից այսօր  Մելիքսեթից հերթական զանգն են ստացել։ 

«Բաքուն այս ավանդույթը չի խախտում և մենք գոնե կարողանում ենք լսել մեր հարազատի ձայնը։ Քիչ առաջ ենք խոսել, ասում է, որ լավ է, ու ինչպես և մենք, ինքը ևս սպասում է դատավարության ավարտին, որը չգիտենք երբ կլինի։ Բայց հորս խոսքով՝ այն դեռ կշարունակվի առաջիկա 3 ամիսներին»,-նշեց Զարինե Փաշայանը։

Մելիքսեթ Փաշայանն իր 3 համագյուղացիների հետ գերեվարվել է Ասկերանի վերին ենթաշրջանից և արդեն մեկ տարուց ավելի է գտնվում է ադրբեջանական բանտում՝ Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միևնույն խցում։

«Մեր ընտանիքը մեծ հույս ունի, որ դատավարությունը կավարտվի և հայրս կմիանա մեր ընտանիքին։ Ոչ միայն ակնկալում եմ, որ այդպես կլինի, այլ վստահ եմ։ Շատ ենք կարոտել»,-եզրափակեց դուստրը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Ներքին Սզնեքը տարհանելու խնդիր է եղել, Մելիքսեթի հարազատ եղբորը՝ հաշմանդամություն ունեցող Մավրիկ Փաշայանին և համագյուղացի Նվարդին ադրբեջանցիները բռնել են Կարմիր գյուղի անտառներում, վիրավորել հրազենից, տեղափոխել Շուշի ու մի քանի օր շարունակ ծեծի ենթարկել։ Ավելի ուշ Մավրիկն ու Նվարդը հանձնվել են հայկական կողմին։ Սակայն, սզնեքցի 4 տղամարդու՝ Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին ու Գուրգեն Ստեփանյանին Ադրբեջանը գերեվարել ու տեղափոխել է Բաքու։

Հունան Թադևոսյան

1/2123
bottom of page