Թեհրանը չի ուզում մտնել մեծ պատերազմի մեջ․ Լիբանանն այս պատերազմում կռվում է միայնակ

Մերձավոր Արևելքում պատերազմը նոր թափ է առնում։ Այս գիշեր Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Թիրախավորվել են Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտները։
«Թեհրանը չի ուզում մտնել մեծ պատերազմի մեջ, դա է պատճառը, որ պատասխան հարվածներ չի հասցնում իսրայելական բանակին։ Այդպես եղավ, օրինակ, ապրիլին։ Փոխարենը Իրանը պատերազմի մեջ է Լիբանանի ձեռքով։ Այս պահին մենք մեզ միայնակ ենք համարում, կոչերից ու հորդորներից դուրս Լիբանանին օգնող ձեռք չկա։ Լիբանանցիներն իմունիտետ ունեն, դիմանում են, բայց մինչև ե՞րբ ենք ուրիշների փոխարեն մենք պատասխան տալու»,- MediaHub-ին ասաց բեյրութցի Նազո Բերբերյանը։
Պատերազմի պատճառով Լիբանանում համատարած գաղթ է։ Տասնյակ հազարավոր լիբանանցիներ ստիպված լքում են իրենց երկիրը։ Նազոյի խոսքով՝ արտագաղթողների մեջ նաև իր որդու ընտանիքն է։
«Ավելի ապահով կյանք են փնտրում։ Հիմնականում դեպի եվրոպական երկրներ են գնում։ Շատ կուզենայի հայրենիք գային, բայց Հայաստանում էլ իրավիճակն այդքան բարեհաջող չէ։ Դրա համար ստիպված ուրիշի դռներն ենք թակում։ Դեռ մի արհավիրքը չհաղթահարած` բախվում ենք մյուսին։ Լիբանանը դարձել է հակամարտող երկրների թատերաբեմ»,- նշեց նա։
Մերձավոր Արևելքում լարվածությունն օր օրի ավելի է աճում։ Նազո Բերբերյանը, որ կնոջ հետ մնացել է Բեյրութի կենտրոնի իր տանը, չի պատրաստվում լքել երկիրը։ Բայց և հույս էլ չունի, որ պատերազմը կավարտվի։ «Բեյրութի հարավային արվարձանները վեր են ածվել ավերակների․․․ արդյո՞ք կավարտվեն ռմբակոծումները, չգիտենք։ Մեր հույսն Իրանն էր, բայց նրանից էլ հույս չկա»,- եզրափակեց Նազո Բերբերյանը։
Հունան Թադևոսյան