top of page

«Ես չեմ սպասարկում որևէ անձնական կամ խմբային շահ, այլ առաջնորդվում եմ ՀԱԵ սկզբունքով»․ Տեր Արտաշես քահանա Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 57m
  • 1 min read

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։


Ցանկանում եմ նշել հետևյալը․


1. Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։


2. Տարածված հայտարարության մեջ անտեղի կերպով ներգրավվել է նաև բնակավայրի կրթական հաստատության՝ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը, որով կամա թե ակամա, ներգրավվել են անչափահասներ։


3. Հիշյալ հայտարարության մեջ իմ նկատմամբ ձևավորված վերաբերմունքը պայմանավորված է բացառապես նրանով, որ ես չեմ սպասարկում որևէ անձնական կամ խմբային շահ, այլ առաջնորդվում եմ միայն Հայ Առաքելական Եկեղեցու և դրանից բխող՝ պետական շահի պահպանման սկզբունքով։


4. Իմ քայլերի պատճառները բազմիցս պարզաբանվել են տարբեր հարթակներում, սակայն, այնուամենայնիվ, փորձ է արվում հանրությանը մոլորեցնել՝ ներկայացնելով, թե իբր իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվել։


Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում»։


Կրկին վերահաստատում եմ ձեզ ուղղված իմ նախկին հորդորը․ այս իրավիճակը անցողիկ է, և կարևոր է, որ մեր վարքով այնպես գործենք, որպեսզի վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք։


Որևէ մեկը կարող է հրաժարվել ինձնից, սակայն ես հոգևոր, բարոյական և մարդկային առումով իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում հրաժարվել եկեղեցական իմ ծուխի որևէ անդամից։


Վստահ եմ, որ ձեր հոգու խորքում համաձայն եք ինձ հետ։


Մնում եմ աղոթող բոլորիդ համար և սպասում հոգին զորացնող հանդիպումների.


Տեր Արտաշես քահանա Հակոբյան


«Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհաննեսի Ավետարան 8։32)»։

 
 
1/2613
bottom of page