top of page

Կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն

  • 4 hours ago
  • 1 min read

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ դա նոր խթան կհանդիսանա երկկողմ ավելի սերտ համագործակցության համար։

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության ներքո: Անդրադարձ է կատարվել նաև այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավածությանը, առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին՝ ներառյալ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը:

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:

 
 
bottom of page