top of page

Մանկատան սաներն` «անտարբերության զոհ»․ ՄԻՊ-ից պնդում են՝ սոցնախարարությունը ստում է

Օրերս  հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, որի շրջանակում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը բնորոշել են որպես համակարգային և ընդգծել, որ դրանք պահանջում են անհետաձգելի լուծումներ: 

Արձանագրված խնդիրներն այնպիսիք էին, որոնց պայմաններում ապրելն անթույլատրելի է, հատկապես, երբ խոսքը հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին է։ՄԻՊ հրապարակումից հետո MediaHub-ը կապ էր հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, որտեղից մեզ հուսադրել էին, որ վիճակն այնքան էլ վատ չէ։ Մասնավորապես, ՄԻՊ հրապարակման յուրաքանչյուր կետի վերաբերյալ կա՛մ մեղմացուցիչ արձագանք էր, կա՛մ՝ հստակ հերքում։

Հավարատիմ մնալով խնդրին հետևողականորեն հետևելու իր քաղաքականությանը՝ MediaHub-ն այսօր զրուցել է «Երեխաների տուն» ՊՈԱԿ այցելած ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանի հետ։ Նշենք, որ վերջինս հերքեց սոցնախարարության ներկայացրած բոլոր հերքումները։

«Մենք արձանագրել էինք տղա և աղջիկ երեխաների համատեղ խնամքի դեպք։ Նախարարությունը հերքել է՝ նշելով, որ ներկայացվող խմբասենյակը պալիատիվ խնամք ստացող երեխաների խմբասենյակն  է, և միայն այդ խմբասենյակների դեպքում են լոգարանները կցվում խմբասենյակներին։ Բայց դա այդպես չէ, քանի որ հաստատությունն ուներ պալիատիվ խնամք ստացող երեխաների գնահատման անհրաժեշտություն, քանի որ խմբերն այդ հիմքով չէին որոշված։ Իրենք էլ են նշել, որ կարիք կա նախ այդ խմբերի գնահատման։ Բացի այդ, երեխաների լոգանք ընդունելու վայրը վարագույրով առանձնացված չէր, դա ինքներս ենք արձանագրել։ Մեր այցի ժամանակ երեխաները պառկած էին, և մի երեխայի այդ ընթացքում շոր էին հագցնում»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Բացի այդ, նրա խոսքով, մյուս խմբասենյակում ոչ պալիատիվ խնամքի երեխաները՝ տասից բարձր տարիքի, կրկին միասին նույն սենյակում են քնում։ Այդտեղ սանհանգույցներն առանձնացված են եղել, բայց երեխաները՝ տղա, աղջիկ, նույն սենյակում են քնել։

Դիտարկմանը, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԻՊ հրապարակած ոչ մաքուր խոզանակը երեխաների անձնական օգտագործման համար չէ, Ժաննա Հակոբյանն արձագանքեց՝ խոզանակը, որի վրա մազ է հայտնաբերվել, եղել է այն ամանի մեջ, որտեղ դրված են եղել երեխաների խոզանակները։

«Այդ խոզանակները փակ ամանով են եղել, մոնիթորինգի անդամները բացել են դրանցից մեկը, և տեսել են այդ խոզանակներից մեկը, որի վրա մազ կար։ Հենց այդ պահին որևէ հերքում չի եղել աշխատակիցների կողմից և չի ասվել, որ դա երեխաների անձնական օգտագործման համար չէ։ Ուղղակի հենց այդ պահին նշված խոզանակը նետել են աղբը։ Այսինքն՝ այդ հանգամանքն արդեն իսկ բավական է, որ դա երեխայի օգտագործման համար է»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հերքել էին նաև ՄԻՊ պնդումը, որ երեխաներին ժամկետանց դեղամիջոցներ են տրամադրվում, մասնավորապես, խոսվում է ժամկետանց չիչխանի յուղի մասին։ Ըստ սոցնախի՝ դա աշխատակիցներից մեկին է պատկանել։

«Դեղատուփերի համար առանձնացված բոլոր տեղերում կային այդ չիչխանի յուղերը, և աշխատակիցներն իրենք էլ էին նշում՝ քանի որ այս տարի չունեն ձեռքի կրեմ, իրենք օգտագործում են այդ յուղը երեխաների մաշկին քսելու համար։ Իրենք էլ են նշել, որ այդ չիչխանի յուղերը գնման ընթացակարգով չեն ձեռք բերվել, դա էլ մեկ այլ խնդիր է, որոնց ես չեմ անդրադառնա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է երեխաներին ժամկետանց սնունդ տալուն, ապա նախարարությունից ասել էին, թե մի փակ տուփ ժամկետանց շիլա է եղել, որն էլ նախատեսված է եղել մատակարարին վերադարձնելու համար։ Այս հերքումը ևս, ըստ ՄԻՊ ներկայացուցչի, սուտ է։

«Նախարարության ուղարկած նկարի շիլան ու մեր նկարածը նույնը չեն։ Մեր նկարածի դեպքում ժամկետանց շիլան նախատեսված էր երեխաների օգտագործման համար։ Մենք հայտնաբերել ենք այն, որը նախատեսված էր երեխաների օգտագործման համար»,- նկատեց Ժաննա Հակոբյանը։

Փաստացի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հերքումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Ինչո՞ւ է պատկան մարմինը խնդիրները հապշտապ լուծելու փոխարեն փորձում կոծկել դրանք․ Ժաննա Հակոբյանը պատասխան չունի, ի պաշտոնե իրավունք չունի նման գնահատականներ տալու։ Նա պարզապես պնդում է՝ արձանագրված բոլոր խնդիրները պետք է հապշտապ լուծվեն։ 

ՄԻՊ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հետևողական են լինելու խնդրի լուծմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը։ MediaHub-ն էլ իր հերթին հետևողականորեն լուսաբանելու է խնդիրն ու հնարավորության չափով պարտադրելու է պատկան մարմիններին տեղից շարժվել։

Նարե Գնունի

bottom of page