«Արցախցիների նկատմամբ նիկոլական ռեժիմի անթաքույց թշնամանքի դրսևորում է»․ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացվեց, փաստաբանը մանրամասներ է հայտնում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է՝ դատարանը քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրել է 2 ամսով։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրեց 2 ամսով։
Թևոսյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով՝ արարք, որի քրեականացումն օրեր առաջ ուղիղ քննադատել էր ԵԽԽՎ-ն։ Այլ կերպ՝ եվրոպացիներն իրենց ոչ բնորոշ հստակությամբ ասել էին, որ տվյալ արարքը պետք է դադարի հանցանք լինելուց, և վերջ։
Այս պայմաններում մարդուն ոչ միայն ազատ չարձակելը, այլև կալանքի ժամկետը մի բան էլ երկարացնելը նշանակում է թքած ունենալ ԵԽԽՎ-ի հստակ ու հասկանալի դիրքորոշման վրա։
Բացի այդ, Մարտակերտի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի նկատմամբ այս մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ արցախցիների նկատմամբ նիկոլական ռեժիմի անթաքույց թշնամանքի դրսևորում»,- գրել է փաստաբանը։