Ջո Բայդենի կինը պատմել է Թրամփի հետ զրույցի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի բացման ժամանակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը The Washington Post-ին տված նոր հարցազրույցում խոսել է ամուսնու, նրա նախագահության տարիների, Թրամփի և մի շարք այլ թեմաների մասին։
Նա պատմել է Թրամփի հետ իր զրույցի մասին, երբ նրանք երկուսն էլ ելույթ են ունեցել անցյալ ամիս Փարիզի Աստվածամոր տաճարի բացման ժամանակ։
«Ես լավ հանդիպում ունեցա ձեր ամուսնու հետ Օվալաձև աշխատասենյակում», - ըստ առաջին տիկնոջ՝ ասել է ընտրված նախագահը:
«Այո,- պատասխանել է նա,- որովհետև երկուսդ էլ խոսել գիտեք»:
Ջիլ Բայդենը հարցազրույցում նկարագրել է, թե ինչպես է իր ընտանիքը հաղթահարում Բայդենի նախագահության ավարտը՝ ներառյալ ամառվա ընթացքում մի քանի շաբաթը, երբ դեմոկրատները մասնավոր կերպով և հրապարակայնորեն ճնշում էին գործադրում ամուսնու վրա, որպեսզի նա դուրս մնա մրցապայքարից:
«Այսպես ասեմ․ ես հիասթափված էի իրադարձությունների զարգացումից, - ասել է Ջիլ Բայդենը: -Ես շատ բան սովորեցի մարդկային էության մասին»։
ԱՄՆ առաջին տիկինը նաև ասել է, որ նախկինի պես հավատում է, որ իր ամուսինը կարող էր ծառայել ևս չորս տարի:
«Իհարկե,- ասել է Ջիլ Բայդենը,- նկատի ունեմ, ես կարծում եմ, որ նա այսօր լիարժեք գրաֆիկ ունի: Նա առավոտը սկսում էր իր աշխատանքը՝ հարցազրույցներից և ճեպազրույցներից, որը այսօր ևս շարունակվում է»: