top of page

Թիթեղի հարվածից ծանր վնասվածք ստացած հղի կինը մանրամասներ է պատմում դեպքից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 2 min read

«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մի թիթեղ պոկեց, խփեց որովայնիս, սկսեց արյունահոսություն, ունեի մեծ պատռվածք»,-պատմեց 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը, որը որովայնի վնասվածքով, արյունահոսությամբ մայիսի 11-ին տեղափոխվել էր հիվանդանոց։

Հարևանի մեքենայով նրան արագ հասցնում են իրենց տան ամենամոտ գտնվող ծննդատուն՝ «Էրեբունի» ԲԿ, իրականացվում է կեսարյան հատում։

23-ամյա Ռուզաննան ասում է՝ հույս չուներ, որ ինքը, բալիկը կփրկվեն, բայց Աստծո, բժիշկների գործողությունների հետևանքով երկուսն էլ փրկվել են։«Այս ամենը հրաշք է, Աստծո հրաշք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։

Քամուց պոկված թիթեղի հարվածից  երեխան ծնվել է ճակատի վնասվածքով՝ 5 սմ երկարությամբ վերքով։ Փոքրիկին Մարինե են կոչել, նա ընտանիքի  երրորդ բալիկն է։

«Երեխային դեռ չեմ տեսել, լուսանկարներ են ուղարկել, այդպես եմ տեսել։ Երեխայի վիճակը կայուն է, բավարար, կերակրում են արհեստական կերով»,-ասաց ծննդկանը։«Էրեբունի» ծննդատան տնօրեն, բ.գ.թ, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ իր 45-ամյա  պրակտիկայում նման դեպք չէր տեսել։

«Կարծեք բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,-ասաց բազում հրաշքներ գործած գինեկոլոգը։

Նրա խոսքով, դեպքից անմիջապես հիվանդանոց տեղափոխված կինը հետազոտվել է, 2-3 րոպե անց նախապատրաստել են վիրահատության։

«Վիրահատության կտրվածքը շատ ճիշտ է կատարվել, քանի որ հիմնական խնդիրը եղել է հենց արգանդի վնասվածքը։ Կինը նշել է, որ վնասվածքից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խոր պատռվածք կա։ Մայրն էլ դեպի լավին է գնում, շուտով կպատրաստենք դուրս գրման»,-ասաց Պողոսյանը։Ծննդատան տնօրենի խոսքով, 23-ամյա կինը հետագայում էլ կարող է բալիկներ ունենալ։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:

Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: 

1/2116
bottom of page