top of page

«Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան

Միջադեպը, որպես այդպիսին, երևի տևել է 2-3 րոպե՝ պլյուս, մինուս․ ես ուղղակի միացրել եմ լայվը ու իմ ասելիքը վերբալ, կրկնում եմ՝ վերբալ մակարդակում փորձել եմ ասել, ինչին ի պատասխան նա ինձ հարվածել է, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ ունեցած Սամվել Վարդանյանը։

Վարդանյանը նշել է, որ ՔՊ-ական պատգամավորի առաջին հարվածը եղել է իր ձեռքին, ինչի հետևանքով իր հեռախոսը, դրամապանակն ու մյուս իրերը ընկել են։

Հակոբ Ասլանյանը երկրորդ հարվածը քաղաքացու որովայնին է ուղղել։ Սամվել Վարդանյանը շեշտում է, որ ինքն ընդամենը ՔՊ-ական պատգամավորի ձեռքն է հետ հրել, չի հարվածել ու ոչ էլ կարող էր իրեն թույլ տալ հարվածել տարիքով մարդու ․«Ես՝ երիտասարդ, առողջ տղամարդ, ինձ չէի կարող թույլ տալ հարվածել, բացի այդ՝ նստելու ցանկություն բացարձակ չունեմ։ Չեմ տուժել իր հարվածներից, դա ծիծաղելի էլ կլիներ՝ խուտուտ կարող էր լինել իր հարվածներից ինձ մաքսիմում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ հանրային տրանսպորտում խուլիգանական արարք գործած երիտասարդը խստագույնս պիտի պատժվի, ինչին ի պատասխան Վարդանյանն ասել է․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ի՞նչ պիտի պատասխանեմ, ժպտում եմ, լայն ժպտում եմ, ի՞նչ ասեմ։ Նորմալ է, մենք այնպիսի ռեպրեսիաների ժամանակաշրջանում ենք ապրում, որ չեմ բացառում, որ գան ինձ տանեն։ բայց ի՞նչ հիմքով գան, տանեն, ծիծաղելի է ուղղակի, լայվի մեջ էլ է երևում, որ այդ մարդն է ինձ խփում, ես ուղղակի վերբալ իմ ասելիքն եմ ասում։ Եթե չեմ սխալվում, եթե ոչ ոք չի չեղարկել, մենք ժողովրդավար հասարակությունում ենք ապրում, ժողովրդավարական երկրում ենք ապրում, ես իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել, իշխանական պատգամավոր է եղել, իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը իրենց գործունեությանը փորձել եմ տալ հանրային վայրում, հանրային պարսավանքի ինստիտուտն եմ փորձել աշխատեցնել»,-ասել է Վարդանյանը։

Քաղաքացին նշել է, որ հանրային տրանսպորտում 4-5 հոգի իրեն էին պաշտպանում, նույնքանը՝ ՔՊ-ական պատգամավորին, իսկ մյուսները անհաղորդ են մնացել։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը հանրային պարսավանքի է ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, ում տեսնելով փողոցում՝ դավաճան է անվանել, ինչի համար ձերբակալվել էր։

1/1871
bottom of page