ՏԻԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԳԼԽԻՆ ՍԵՒ-ՄՈՒԹ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ
- Elen Hovsepyan
- 7 minutes ago
- 2 min read
Նիկոլ Փաշինյանի երբեմնի խորհրդական, ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում։ Խորհրդարանում դատախազության տարեկան զեկույցի քննարկումն ի ցույց դրեց իշխող թիմում առկա վերաբերմունքը նրա նկատմամբ, որը չի կարելի դրական համարել։ Ամեն երկրորդը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչու մինչ օրս չի արել։ Գաղտնիք չէ, որ ուժայինների գործունեությունը գնահատելու «սուրբ գործը» ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանինն է: Նրան, թերեւս, նիկոլ Փաշինյանն է ստվերային վերակացու նշանակել, ավելի ճիշտ՝ Փաշինյանը Քոչարյանի միջոցով նախ տրամադրություններ է գեներացնում, ապա հասնում իքս պաշտոնյայի պաշտոնազրկմանը, ինչպես եղավ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի, Վահե Ղազարյանի դեպքում՝ հայտնի չարաբաստիկ լսումներից հետո։ Անդրանիկ Քոչարյանը տիկին դատախազի դեպքում էլ՝ կարելի է ասել հարձակողական դիրք էր գրավել։ Անցած շաբաթ նա դատախազությանը մեղադրեց մի շարք աղմկահարույց գործեր չբացահայտելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Մարտի 1-ի եւ այլնի մասին է։ Ըստ Քոչարյանի՝ «27-ը» չբացահայտելը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ավելին, նրա կարծիքով երկրի հետընթացը հենց այդ կետից է սկսվել։ Իսկ երեկ՝ իր ամփոփիչ ելույթում Քոչարյանն արձանագրեց, որ տիկին դատախազն իր ամփոփիչ ելույթում այդպես էլ չարձագանքեց իր իսկ բարձրացրած կարեւոր հարցադրումներին։
Մեզ ասացին, որ Աննա Վարդապետյանի նկատմամբ դժգոհություն կա ՔՊ-ում, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմից են նման ազդակներ փոխանցվել: Առաջիկայում հնարավոր է նրա գործունեության հետ կապված որոշակի ամփոփագիր ներկայացնեն՝ ինչ է արել, ինչ` չի արել։ Ավելին, ՔՊ-ում մի ստվար զանգված կարծում է, որ Գյումրիում այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Վարդապետյանն է, որ Բալասանյանների նկատմամբ շինծու գործով ճնշումների գնաց եւ դրա արդյունքը եղավ Բալասանյան դաշինքի կողմից մանդատներից հրաժարումն ու քաղաքն արտահերթ ընտրությունների տանելը։ Թեեւ բոլորին հասկանալի է, որ դա Վարդապետյանն ինքնուրույն չի անում, այլ Նիկոլ Փաշինյանից եկած հրահանգով: Բայց այս պրոցեսը նաեւ օգտակար է նրանով, որ վերեւից իջեցված հրահանգները կատարողը երբեք չի ազատվում պատասխանատվությունից եւ իր ապօրինի գործողությունների համար մի օր պատասխան է տալու` լինի այսօր, թե` վաղը:
Մի բան ակնհայտ է, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ հերթական անգամ բեմադրվում է «նախկիններն են մեղավոր» ներկայացումը եւ որպեսզի Փաշինյանին չմեղադրեն աղմկահարույց գործերը չբացահայտելու իր խոստումները չկատարելու մեջ, ուստի նոր քավության նոխազ է հարկավոր։ Եւ չի բացառվում, որ դա կլինի խիստ երիտասարդ տարիքում գլխավոր դատախազ դարձած եւ այդ հաջողությունից գլխապտույտ ունեցող Վարդապետյանը, ում թվում է, թե իր երկար պաշտոնավարելու գաղտնիքը Նիկոլ Փաշինյանի հրահանգները սրբորեն կատարելն է: