Եկեղեցին ամեն ինչ անելու է, որ կիրակի օրը Հովհաննավանքում եկեղեցում ծառայող օրինավոր քահանան պատարագ մատուցի
- Elen Hovsepyan

- 14 hours ago
- 2 min read

Եկեղեցու շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՔՊ ամբողջ քարոզչամեքենան լծվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ու նրա սպասավորներին պախարակելու, վարկաբեկելու գործին։ Ավելին, իշխանությունն այնքան մեծ դեր է ստանձնել, որ որոշել է ԱԺ ամբիոնից հայտարարել, թե կարգալույծ է արել Վեհափառ Հայրապետին։ Այն, որ այս իշխանության օրոք ամեն ինչ սպասելի է, որ ոչ մի կարմիր գիծ չկա, վերջին յոթ տարիներին, թերևս, համոզվել է հասարակությունը, բայց որ անգամ կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագին գնալու քարոզ կիրականացվեր երկրի ղեկավարի կողմից, քչերը կսպասեին։
Ինչևէ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ է մատուցելու, չնայած նրան, որ եկեղեցու օրենքներով նման իրավունք չունի ու դեռ երեկ 15.00-ին պետք է լքեր եկեղեցին։ Նա մնաց, քանի որ ունի Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը թիվ մեկ ամբիոնից է հայտարարել` ինքն ու իր հավատարիմները մասնակցելու են այդ պատարագին, քանի որ այս երկրում բոլոր համակարգերում ամեն ինչ լինում է այնպես, ինչպես Փաշինյանն է ուզում։ Թերևս դա է նաև պատճառը, որ Հովհաննավանքում ոստիկաններն ապահովում են Ստեփան Ասատրյանի անվտանգությունը՝ լուռ հետևելով, թե ինչպես են Ասատրյանի աջակիցները եկեղեցու դռները փակում հավատավոր ժողովրդի առաջ, ինչպես են եկեղեցու տարածքում հայհոյում քաղաքացիներին, հարվածում ու սպառնալիքներ հնչեցնում։ Նիկոլի Հայաստանն է, ի՞նչ կա, որ։ Եկեղեցում մարդ էլ են սպանում, ու ի՞նչ է եղել, որ։
Ինչևէ, ի՞նչ է անելու եկեղեցին, որ թույլ չտա կարգալույծ քահանային Սուրբ պատարագ մատուցել։
«Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք նաև, որ բոլոր քրիստոնեական պատմամշակութային սրբավայրերը Հայ Առաքելական եկեղեցու ժառանգությունն են, իսկ Հովհաննավանքը ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշմամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
Նարե Գնունի




















