top of page

«Արդար դատաքննության իրավունքի նկատմամբ ծաղր է». փաստաբանը հաստատեց՝ Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 23
  • 2 min read
ree

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

«Փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ գործողություններ են կատարվել՝ պարզելու՝ իսկապե՞ս բողոքը մակագրվել է Դանիելյանին, որը միաժամանակ հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նրան բողոքի մակագրման հնարավորությունները չափազանց սակավ են, հինգ տոկոսից ավելի ծանրաբեռնվածություն չի կարող ունենալ ու այն դատավորն է, ով առաջիկայում մեկնում է արձակուրդ, որը ևս մի հիմք է, որ դատավորի անուն-ազգանունը հանվի մակագրման ցանկից։ Այո՛, այդ անձը Արմեն Դանիելյանն է՝ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորը, որի նկատմամբ մասնագիտական համայնքը երբևէ արդար դատաքննության ակնկալիք չի ունենում»,- նշեց Վարդևանյանը։

Կարապետյանի փաստաբանակն խմբի համար նշվածը արդար դատաքննության իրավունքի նկատմամբ ծաղր է։

«Այստեղ ողջամիտ հարցադրմամբ կարող ենք ասել՝ արդյո՞ք նշվածը պատահականություն է, թե՞ ոչ։ Ես կարող եմ ասել, որ նշված շինծու քրեական վարույթը, ակնհայտ ապօրինի հետապնդումը, ակնհայտ ապօրինի կալանքը ցույց են տալիս, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման՝ միջազգային չափանիշներին համապատասխան տվյալի հետ»,- նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամը։

Վարդևանյանը պնդեց՝ Սամվել Կարապետյանի մեղադրանքն ընդհանրապես անհիմն է, ոչ մի կոչ չի հնչել, եղել է հարցազրույց, իսկ հարցազրույցը չի կարող վերածվել կոչի։

«Բայց նույնիսկ այդ «մեղադրանքը», լինելով միջին ծանրության, որպես պատժի հնարավորություններ՝ նախատեսում է տուգանք, նման պայմաններում կալանքը երբեք չի կարող լինել համաչափ»,- ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ իրականում դատարանը գտել է, որ, չնայած մեղադրանքի «առյուծի բաժինը» հանդիսանում է տեսանյութը, բայց առկա է այդ տեսանյութին խոչընդոտելու ռիսկ։

«Այսինքն՝ տեսանյութը, որը զննվել է, որն այլևս հանդիսանում է քրեական վարույթի անբաժանելի մաս, դրված է չհրկիզվող պահարանում, հասանելի է ամբողջ համացանցում, վեճի առարկա չի հանդիսանում, բայց, բոլոր դեպքերում, այստեղ քննությանը խոչընդոտելու ռիսկ է տեսել թե՛ դատավորը, թե՛ քննիչը, թե՛ դատախազը։ Այս իմասով՝ արդեն կարող ենք պատկերացում կազմել այս քրեական վարույթի ընդհանրապես տրամաբանությունից ու իրավունքից դուրս լինելու մասին»,- հավելեց Արամ Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբն առաջիկայում ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։

Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։ 

Հունիսի 17-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։

Հունիսի 18-ի առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։

 
 
1/2519
bottom of page