top of page

Կոպիրկինի վերադարձը ՀՀ հարցականի տակ է

Ոչ միայն համացանցում, այլ դիվանագիտական շրջանակներում ակտիվ քննարկման առարկա դարձավ այն, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 24-ին կանչվեց Մոսկվա։

Ըստ մի  շարք քաղաքագետների՝ բավական կասկածելի է «կանչվել» տերմինը, ավելին՝ այն ոչ մի լավ բան չի նշանակում, մյուսներն էլ պնդում են՝ շատ հարցեր են կուտակվել, որոնց քննարկումը ճիշտ է ոչ թե հեռախոսով, այլ, ինչպես ՌԴ–ում ասում են, «с глазу на глаз»։

MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ Կոպիրկինը դեռևս չի վերադարձել Հայաստան: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ նա ներկա չէր մայիսի 26-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջոցառումներին՝ նվիրված ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի (Հոկտեմբերյան) սահմանապահ ջոկատի հիմնադրման հարյուրամյակին, որին մասնակցել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Սելեզնյովը։

MediaHub-ի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ չնայած Կոպիրկինի ծառայության ժամկետն այս տարի լրանում է, բայց ՌԴ ԱԳՆ-ում նախատեսում էին, որ նրա դիվանագիտական առաքելությունը մեր երկրում կշարունակվի: Եվ այս պահին էլ դեռ հույս կա, որ երբ այս ճգնաժամը փոքր-ինչ հարթվի, Սերգեյ Կոպիրկինը կվերադառնա և կշարունակի ՀՀ-ում իր ծառայությունը Ռուսաստանի դեսպանի պաշտոնում։

Այնուամենայնիվ, MediaHub-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ Սերգեյ Կոպիրկինը դեռ ետվերադարձի տոմս չունի։

Մարիաննա Արամյան

Opmerkingen


1/1765
bottom of page