top of page

ԿԳՄՍ կայքում երիտասարդության համար մեկ ծրագիր կա նշված, այն էլ նախորդ կառավարությունից է մնացել. Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին

«ԿԳՄՍ պաշտոնական էջում երիտասարդությանն աջակցող մեկ ծրագիր կա ընդամենը՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն է, որն էլ ոչ թե ձեր կառավարության, այլ նախորդից մնացած ծրագիրն է»,- «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին նվիրված ԱԺ լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին դիմեց Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

Նա հետաքրքրվեց, թե քանի երիտասարդ է 2024 թվականին օգտվել այդ ծրագրից։

Նկատելով, որ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, թե բոլոր մարզերում բացելու են «Երիտասարդական կենտրոններ»՝ Ղազարյանն ասաց, որ իր մարզպետ աշխատելու տարիներին բոլոր մարզերում էլ կային նման կենտրոններ և հարցրեց, թե ինչո՞ւ են դրանք փակել, որ հիմա էլ բացում են։

Մարտիրոսյանը Ղազարյանին  հորդորեց չընդգծել նախորդ իշխանության նախաձեռնած ծրագրի փաստը, քանի որ բազմաթիվ ծրագրեր կան նախկինից մնացած։

ԿԳՄՍ-փոխնախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին մոտ 500-600 երիտասարդ օգտվել է այդ ծրագրից և բնակարաններ է ձեռք բերել։

Անդրադառնալով «Երիտասարդական կենտորնների» հարցին Մարտիրոսյանը հայտարարեց, որ  նախատեսում են մինչև 2026 թվականը ունենալ 25 կենտորն։

bottom of page