Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի հանդեպ ունեցած արտաքին պարտքը
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 1 min read

Վրաստանը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանի և Փարիզյան ակումբի վեց այլ երկիր-պարտատերերի նկատմամբ՝ Վրաստանի պարտքի մի մասի վերակառուցման մասին 2004 թվականին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին։
Ռուսաստանից բացի, մարվել են նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդեռլանդների նկատմամբ պարտքերը։ Օգոստոսի 1-ի դրությամբ այս երկրների նկատմամբ չմարված ընդհանուր պարտքը կազմել է 7,32 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 4 միլիոն դոլար։
Վճարումները ներառել են մինչև 1999 թվականը ստացված 160 միլիոն դոլարի պարտքեր, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ, ինչպես նաև ավելի վաղ հաստատված գրաֆիկի համաձայն՝ 2004-2006 թվականներին մարման ենթակա պարտքեր։ Վերակառուցումն իրականացվել է 2004 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 1-ը, մարման գրաֆիկը նախատեսում էր վճարումները կատարել 20 տարվա ընթացքում։ Վերակառուցման մասին համաձայնագիրը հետևել է 2004 թվականին Վրաստանին օգնության ծրագրին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաստատվելուց հետո։
Վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը, նշվում է Ֆինանսների նախարարության նյութերում։
2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 9.09 միլիարդ դոլար՝ տարեսկզբից աճելով 5.8%-ով: Երկրի արտաքին պետական պարտքի արժութային կառուցվածքում գրեթե 70%-ը եվրոյով է: