Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևաի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարութայան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 56 խումբը կանչով մեկնել է Մյասնիկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: