«Իմ կողմից դիմում է ուղարկվել Փաշինյանին»․ Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզում ներկայումս ընթացող գործընթացների վերաբերյալ իմ կողմից երեկ փաստաբանական հարցում և տեղակատվություն ստանալու պահանջի մասին դիմում է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին՝ հետևյալ բովանդակությամբ․Պարո՛ն Փաշինյան, 2022թ. մայիսի 23-ին Ձեր 570-Ա որոշմամբ, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:Նույն որոշման հավելվածով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը, որի նախագահը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ս.թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ՝ նշելով հետևյալը.-Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.-Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:Պարո՛ն ՓաշինյանՍ.թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության նիստում Դուք հայտարարել եք, որ ս․թ․ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի Հանրապետության Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրեմլի, Հայաստանի Հանրապետության Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:Տեղի ունեցածը Դուք համարել եք մեծ հաջողություն՝ երկու պատճառով․ Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար: Երկրորդը՝ մեր Հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես՝ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:Ըստ էության, Դուք ընդգծել եք, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տեղի է ունեցել որոշակի տարածքում սահմանների դելիմիտացիա /Սահմանազատում/։Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 51-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներով, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնել, թե՝1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Տավուշի մարզում տեղի է ունեցել սահմանների դելիմիտացիա /Սահմանազատում/, եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ իրավական կարգավորումներով է առաջնորդվել Ձեր՝ 2022թ. մայիսի 23-ին Ձեր 570-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, եթե մինչև ս.թ. հուլիսի 1-ը դեռևս պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:2. Եթե վերը նշված հանձնաժողովների կողմից իրականացվող գործունեությունը Սահմանազատում և սահմանագծում չէ, ապա խնդրում ենք հայտնել, թե իրավական տեսանկյունից վերը նշված հանձնաժողովներն ի՞նչ գործունեություն են իրականացնում ներկայումս և ի՞նչ և ու՞մ կողմից դելիմիտացված /Սահմանազատված/ սահմանի մասին էիք դուք հայտարարում ս.թ. մայիսի 16-ին կայացած ՀՀ կառավարության նիստում։Բացի այդ, հաշվի առնելով հարցի ռազմավարական բնույթը, ինչպես նաև չբացառելով վերը նշված հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների բողոքարկման հնարավորությունը, խնդրում ենք տրամադրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ ձևավորման պահից մինչ օրս ընդունված բոլոր որոշումների պատճենները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի՝ համատեղ ընդունված այն բոլոր որոշումների ու արձանագրությունների պատճենները, որոնք իրենց մեջ չեն պարունակում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղեկություններ։Հ․Գ․ Պատասխանը ստանալոց հետո հանդես կգանք համապատասխան դիրքորոշմամբ․․․»։
留言