top of page

Փախեփախների ու թռածների իշխանություն. մեր օրեր

Վերջին օրերի քրոնիկան ցույց է տալիս, որ «մարած» շարժումը, այդուհանդերձ, բարեհաջող կաթվածահար է անում քաղաքի փողոցներն ու տարօրինակ կերպով իշխանական խունտայի շրջանակներում օրեցօր վախի մթնոլորտ ձեւավորում։ Արձանագրենք, որ Ներքին գործերի նախարարությունն էլ է Փաշինյանի գլխավորությամբ ու միանձնյա որոշումների արդյունքում գործում։ Վկան՝ նախորդ օրվա եղելությունը: 

ԱԺ-ում ՆԳ փոխնախարարին ինչ հարց տվեցին լրագրողներն ու պատգամավորները, հատկապես Վեհափառի դեմ ոստիկանության կողմից գործած խուլիգանության մասին, պատասխանը մեկն էր՝ վարչապետն անդրադարձել է, ես ավելացնելու բան չունեմ։  

Բա դո՛ւք, տիկի՛ն, ի՞նչ եք աշխատում, եթե ձեր գործառույթները Փաշինյանն է կատարում, անգամ ձեր փոխարեն է պատասխանում։ Չիմանա՞նք։ Կամ, աշխատավարձ եք ստանում, ինչի՞ համար եք ստանում:

Մի խոսքով, ազգակործան այս խմբակը ծայրից ծայր իշխում է մեկ մարդ, որոշում մեկ մարդ, գործում մեկ մարդ, եւ այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։ Իսկ մնացածը կատարողներ են, որոնք հավեսով որոշել են Նիկոլի ձեռամբ փչանալ, այո՛, ծայրից ծայր։

Նախօրեին կառավարության շենքը շրջափակման մեջ էր։ Փաշինյանը ոնց գողեգող հասել էր առավոտ ծեգին կառավարություն, այնպես էլ փախավ այնտեղից։ Այո՛, փախավ, որովհետեւ այն դուռը, որը վերջին տասնամյակներում չէր բացվել, բացվեց։ Բացվեց ու ազգակործանը գողեգող փախավ... 

Քաղաքացիներն ու շարժման մասնակիցները ժամեր շարունակ փակ պահեցին կառավարության շենքի բոլոր մուտքերը։ Հաջողությամբ ստացվեց, որովհետեւ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները հոգնել էին ու հետ քաշվել։ Այնպես որ այսօր մեր երկրում օրակարգ թելադրողը մեկ մարդ է, եւ բազում քաղաքացիներ, որոնք ելել են ընդդեմ ազգակործան իշխանության: 

Ցանկություն չունենալով՝ այդուհանդերձ անդրադառնանք նաև Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Սրբազանը կրկնօրինակում է Նիկոլին. սա զավեշտ է։ Սրբազանի կողմից իբրև թե «գերագույն գլխավոր....»-ի (ածականն ավելացրեք ըստ ցանկության) նմանակվելը պարզապես սրբապղծություն է, այնպես որ հանգիստ նստեք տեղներդ ու հաշտվեք իրողության հետ: Այն իրողության, որ դուք այլեւս որպես քաղաքական միավոր գոյություն չունեք։ Դուք փախեփախ եք ման գալիս, դուք մարդկանց շարքերում ազատ, պարզճակատ քայլելուց, ապրելուց և՛  ձեզ եք զրկել, և՛ ձեր ընտանիքներին՝ ազգադավի քաղաքականության ու անմարդկային պահվածքի հաշվին։

Արթուր Հայրապետյան

Comments


1/1765
bottom of page