top of page

Արդյո՞ք հաճախակի օգտվող քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ, իհարկե՝ ոչ․ ՔՊ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանն իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով մանրամասներ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ և պատասխանելով հաճախ տրվող որոշ հարցերի:

«Ձեզ եմ ներկայացնում ողջ ճշմարտությունը միասնական տոմսային համակարգի մասին՝

Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց

Միանշանակ՝ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրության ավտոբուսներ, տրոլեյբուսներ, որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականացվում են:

Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ

Իհարկե՝ ոչ, օրինակ՝ 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում՝ 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է 73 դրամ, այսինքն՝ ոչ թե թանկանում է, այլ էժանանում:

Արդյո՞ք այս համակարգը հեշտացնելու է քաղաքում տեղաշարժվելը

Միանշանակ՝ այո, քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար, քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է հնարավորություն՝ ավել արագ հասնելու և հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաև որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:

Արդյո՞ք կան խմբեր, որոնց համար դժվար է վճարել մեկ ուղևորության համար 146 դրամ

Միանշանակ՝ այո և այդ պատճառով էլ Երևանի ավագանին մինչև սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը, ըստ որի, բոլոր այդ թիրախային խմբերը երթևեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար:

Ադյո՞ք տրանսպորտից հազվադեպ օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պետք է երթևեկեն ավելի թանկ սակագնով

Միանշանակ՝ այո, այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում և այդ հավելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրելու այն մարդկանց, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:

Եվ վերջում հավելեմ՝ տրանսպորտի գինը վերանայվել է՝ 10 տարի անց, քաղաքային հաջորդ իշխանություններին նորից կոլապսի առջև չկանգնեցնելու, այսօր առկա ստվերը վերացնելու և, իհարկե, տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:

Որոշումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից՝ արտոնությունների փաթեթի հետ»:

1/1920
bottom of page