Ստամոքսի ցավից մեռնում ենք, համն էլ ահավոր է. քաղաքացիները բողոքում են ջրի որակից

MediaHub-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ջրի որակի վատացման, ջրանջատումների մասին, որ մարդիկ ստիպված են ջուր գնել խանութից, քանի որ չեն կարող ծորակից հոսացողից օգտվել՝ վախենում են:
Մինչ պատասխանատու ընկերությունը մեզ հետ զրույցում հավաստիացնում է, որ ոչ մի խնդիր էլ չկա, MediaHub-ը իր ընթերցողների շրջանում կազմակերպեց հարցում՝ ճշտելու, թե արդյոք գոհ են նրանք ջրի որակից:
Նյութը գրելու պահին հարցմանը մասնակցել է 4000-ից ավելի քաղաքացի, և պարզ է դառնում, որ ջրի որակի հետ կապված խնդիրն առկա է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում՝ Արարատի մարզի Գետափնյա գյուղում, Մասիս քաղաքում, Գեղարքունիքի Ճամբարակում և այլուր:
Օրինակ, քաղաքացիները գրում են. «Հայաստանից դուրս գտնվող Ճամբարակ քաղաք կա. Ճամբարակում խմելու ջուրը մենակ սանհանգույցում ա օգտագործվում»:
“Մասիսի ու շատ համայնքների ժողովուրդը ջուր են առնում, պետության ջուրը մենակ լվացք ու ծառ ջրելու համար ա ,անգամ լողանալու համար ա վտանգավոր”։
Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների միայն 25%-ն է, որ գոհ է ջրի որակից, 67%-ն ընտրել է «Ոչ» պատասխանը:
«Ինչի՞ց ենք գոհ, որ դրանից լինենք» տարբերակն ընտրել է հարցվածների 7%-ը, իսկ 1%-ը ընտրել է “Նենց գույնի ջուր ա, որ վախենում ենք խմել»։
Քաղաքացիները նույնիսկ ջրի որակից վատանում են ու առողջական խնդիրներ են ձեռք բերում.
“Երբեմն ջրի որակն այնքան վատն ա լինում, որ աղեստամոքսային խնդիրներ ենք ունենում», “Չես կարողանում խմել ծորակից ՝ ստամոքսի ցավից մեռնում ենք, համն էլ ահավոր է։
Ստիպված առնում ենք ջուրը” գրել են որոշ ընթերցողներ մեկնաբանություններում։
Վիկա Աբգարյան