Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե’ երկկողմ, թե’ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտության շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար. «Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության առավելագույն սերտացման ուղղությամբ, և այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք նույն սկզբունքները կիսող Նիդերլանդների հետ շարունակական ակտիվ փոխգործակցությունը։»
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններից հետո գործընթացի շարունակման հարցում ՀՀ մոտեցումները։ Նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։
تعليقات